ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նման որոշում ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն 100.000 եվրոյով է տուգանել «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին:

Ավելի վաղ` ՀՖՖ-ն բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: ՀՖՖ հաղորդագրության մեջ ասվում էր. «Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները: «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»։




Լրահոս