Այսօր տեղի է
ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի
նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարել է
հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ
տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,
քննարկվել է հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների
ընթացքը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը
ներկայացրել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Ա.Գեւորգյանը հորդորել է բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին
աջակցել գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը: Նա նաեւ
շնորհակալություն է հայտնել միջազգային եւ տեղական կազմակերպություններին’
գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն’ իրազեկման
աշխատանքներին աջակցության պատրաստակամության համար: Փոխվարչապետը նշել է, որ
անհրաժեշտ պայմաններն ապահովված են’ գործընթացի բնականոն իրականացման համար եւ
հույս հայտնել, որ միջոցառումը կանցկացվի կազմակերպված:
Հայաստանը պատրաստվում է մարդահամարի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ