Նոյեմբերի 29-ին, ժամը 15.50-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կանաչուտ գյուղի տներից մեկը թալանել են։ Նախնական տվյալներով՝ հափշտակվել էր 37 միլիոն դրամ, 25 հազար ռուբլի, 10 հազար դոլար, 500 եվրո և ոսկեղեն։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։
Արտաշատի ոստիկանների բացահայտման միջոցառումներին միացան Արարատի մարզային վարչության ու ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում։ Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին 20 և 35 տարեկան երևանցի երկու տղամարդ։ Վերջինիս խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է։
Նրանք ներկայացվել են տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվում են։