Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ 16 կուսակցություններն վաղը կհայտարարեն, որ իրենց վարչապետի միասնական թեկնածուն Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանն է:
Հիշեցնենք, որ Մանուկյանը նոյեմբերի 20-ին Մոսկվա էր մեկնել, փորձել է ՌԴ իշխանությունների «դաբրոն» ստանալ՝ ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Մոսկվայում Մանուկյանին տեղեկացրել են, որ իրենց համար ընդունելի կերպար է, բայց ՀՀ իշխանությունից դուրս ուժերը ևս պետք է ընդունելի ու միասնական կերպար ընդունեն ԱԺՄ նախագահին։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանը Մոսկվայից վերադառնալուց հետո եկել է ՀՀ ու հանդիպումներ ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ ու հայտնել, որ Մոսկվայի համար ընդունելի թեկնածու է և պատրաստ է լինել ՀՀ ժամանակավոր վարչապետ։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս նոյեմբերի 24-ին գրել էր, որ ռուսական էլիտան ընտրել է որպես կառավարության համաձայնության վարչապետու թեկնածու Վազգեն Մանուկյանին, որ պետք է ժամանակավոր ղեկավարի երկիրը, մինչև կհայտարարվի խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին: Նշենք, որ Մոսկվայում քննարկվել է նաև «Հայրենիք» կուսակցություն առաջնորդ Արթուր Վանեցյանի և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը, բայց ընտրվել է Մանուկյանը:
Նկատենք նաև, որ չնայած այս ամենին, այսօր ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ պետք է աջակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին.
«Մեր խնդիրն է աջակցել Փաշինյանին և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքը կարգավորվի, և ձեռք բերված բոլոր համաձայնությունները իրագործվեն»:
Սոնա Գրիգորյան