ՉՈՐՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԵԺ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը: Դրանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունենալու ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կհաստատվի նստաշրջանի օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է լինելու 25 հարց, որից պարտադիր քննարկման է ենթակա 10 հարց: Ընդ որում, խորհրդարանը մյուս շաբաթ երեք քվեարկություն կունենա: Նախ՝ Ազգային ժողովի պատգամավորները պետք է Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեն. միակ թեկնածուն Լիլիթ Թադեւոսյանն է, որն այժմ հանդիսանում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը: Ընդ որում, խորհրդարանում նրա թեկնածությունը ներկայացնելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:  Վճռաբեկ դատարանի նախագահի տեղը թափուր է Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո: Նկատենք՝ նա մասնակցել էր նաեւ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը առաջացրել էր մյուս գործընկերների դժգոհությունը: Ավելին, դատական համակարգում խոսակցություններ էին տարածվել, թե նա հանդիպման էր գնացել վարչապետի հետ իր՝ դատարանի նախագահի ընտրությունն ապահովագրելու համար: Այս ընտրությունից հետո թափուր է նաեւ դատավորի հաստիքը, քանի որ Խունդկարյանը նաեւ դատավոր էր: Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Բացի այս, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն տեղի կունենա, թեկնածուն էլ առաջադրված է իշխող «Իմ քայլ»-ի կողմից. թեկնածուն Դավիթ Նահապետյանն է: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն էլ Կարեն Առուստամյանն է: Թերեւս թեժ քննարկում է սպասվում ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 8-ի նիստում անցկացվելու է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում, որի առարկան հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցն է: Մասնավորապես, բացի քննարկումից, ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել եւ կոչ անել ավելի ակտիվ աշխատանքի: Բացի այս հարցերից, հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկման շարունակությունն ու քվեարկությունը: Սպասվում է, որ նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից հետո այս նստաշրջանն արդեն կվարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինողը պետք է երկիրը կառավարի 3-4 ամիս: Այդ ժամանակահատվածը կօգտագործվեր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Կարելի է ասել, ըստ 16 կուսակցությունների պլան Ա-ի՝ նախատեսվում են մինչեւ մարտի վերջ եւ ապրիլի սկիզբ Հայաստանում նոր ԱԺ ընտրություններ: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմության կողմից արդեն առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հայատարարվել է, թե անհնարին է այդքան կարճ ժամանակատվածում ՀՀ-ում կայունություն ստեղծել ու ընտրություններ իրականացրել: Որոշվել է՝ եթե ՀՀ-ում ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, ապա վարչապետը պետք է մեկ տարի հետո կազմակերպի ընտրությունները: Իսկ մեկ տարի Մանուկյանը, կառավարելով երկիրը, պետք է հրաժարվի իր գլխավորած ԱԺՄ կուսակցությունից ու ընդհանրապես չմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այսօր՝ Ազատության հրապարակում համապետական հանրահավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները` ծրարգրեր, որոնք կիրականացնի իր վարչապետության ժամանակ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանի դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումից: Նախ՝ նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության եւ անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում: Սակայն, մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, առաջնային կարգով քննարկվել է ԱԺ դիմումը՝ ուղարկված Սահմանադրական դատարանին, որով առաջարկում են մանդատից զրկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այսպես, Փաշինյանը փորձել է ստուգել տրամադրություններն ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանում: Նկատենք՝ հենց նույն օրը ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հանդիպել էր նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, եւ, մեր տեղեկություններով, այս հանդիպման առանցքային թեմաներից մեկը կրկին ՍԴ ուղարկված Ծառուկյանի վերաբերյալ դիմումն է եղել: Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը դեռ նոյեմբերի 24-ին որոշում էր կայացրել եւ 26-ին ՍԴ էր ուղարկել համապատասխան որոշումը:  Բայց դիմումի ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ այն չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին որոշումը Սահմանադրական դատարանը պարտավոր է լինելու կայացնել դիմումը մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո, այսինքն՝ մինչեւ դեկտեմբերի 26-ը։

 

 

Խաշի սեզոնն արդեն բացված է: Այս օրերին ԳՈՒՄ-ի շուկայում մսավաճառներն ինչեր ասես չեն ասում հաճախորդներին խաշի տոտիկներ վաճառելու համար: Ինչպես հայտնի է, խաշը կովի տոտիկներից պատրաստած համեղ ապուր է: Խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը, այսինքն՝ սեպտեմբերից մինչեւ ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է: Այս օրերին՝ Գումի շուկայի մոտով անցնելիս, անհնար է չնկատել դույլի միջից ցցված կովի սափրած տոտիկներ: Սակայն, մսավաճառների խոսքերով, խաշի պարագաներն այս տարի բավականին էժանացել են: Եթե նախկինում դրանք վաճառվում էին կիլոգրամը 2000 դրամով, ապա հիմա այն արժե 1200 դրամ, շուկայում տեղ կա՝ 1500 դրամ է: Բայց ինչպես մսավաճառներն են հուշում, տարբեր տեսակի տոտիկներ են լինում, որոնք տարբեր գներ ունեն, իսկ բարձր կարգի տոտիկների մեկ կիլոգրամը սկսում է 1500 դրամից: Գնանկման պաճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլեւ պատերազմը: Կորոնավիրուսի պատճառով օբյեկտները չաշխատեցին, ամիսներով փակ մնացին, իսկ պատերազմից հետո, ըստ մսավաճառների, ոչ ոք սիրտ ու հավես չունի խաշ ուտելու. «Բնական է, բոլորս էլ մարդ ենք, հասկանում ենք… Մեր վիշտը թողած՝ ո՞վ կգնա խաշի հետեւից»:

 




Լրահոս