Ի՞ՆՉ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎ ԱՄԱՆՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի, կորոնավիրուս համավարակով պայմանավորված, մեծամասամբ դադարեցվել էին թատրոննների աշխատանքները, որին հաջորդեց նաեւ պատերազմական եւ ռազմական դրությունը: Իսկ  չեղարկված ներկայացումներն ու հետաձգված նկարահանումները անգործ էին թողել արտիստներին՝ նրանց կանգնեցնելով մի շարք խնդիրների առաջ։

 

Ինչեւէ, Ամանորին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մի շարք թատրոնների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե արդյոք ամանորյա ներկայացումներ լինելու են, եւ հաճախելիության աճ նկատվում է, թե ոչ:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նկատեց, որ, անկախ հանգամանքներից, պետք չէ մանուկներին զրկել Ամանորից:

«Նախ մենք ներկայացումներ խաղում ենք անվտանգության կանոները պաշտպանելով, դահլիճի կեսն է միայն նստում: Ամեն շաբաթ-կիրակի խաղում ենք  երկու կամ երեք ներկայացում, եւ ասեմ, որ  տոմսերը միանգամից սպառվում են, բայց մենք ոչ միայն տոմսերն ենք վաճառում, նաեւ Արցախից եկած մեր հայրենակիցներին, հաշմանդամ եւ զոհված  զինվորիների երեխաներին անվճար թույլատրում ենք դիտել ներկայացումներ: Ճիշտ է, այս համավարակը մի քիչ հեռու է պահում մարդկանց, բայց  համեմատաբար արդեն հաճախում են: Հիմա պատրաստվում ենք ամանորյա ներկայացումներին, քանի որ երեխաներին չի կարելի զրկել մանկությունից: Երեխաներն անհամբերությամբ են սպասում, թե երբ պետք է գան թատրոն, նայեն ներկայացումներ: Ամանորյա ներկայացումները մենք սկսելու ենք դեկտեմբերի 18-ից, արդեն բազմաթիվ հայտեր կան տարբեր բարեգործական եւ միջազգային կազմակերպություններից, որպեսզի օժանդակեն երեխաների այցելություններին: Այս տարի համավարակի պատճառով ծանրաբեռնված աշխատանք չենք իրականացրել, բայց բոլոր դեպքերում  հասցրել ենք բեմադրել չորս նոր ներկայացում»,- նշում է մեր զրուցակիցը:

Իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը  մեզ հետ զրուցում նշեց, որ պատերազմական օրերին չեն աշխատել, բայց ամանորյա ներկայացում ունենալու են:

«Այս օրերին հասցրինք պատրաստել երկու նոր ներկայացում, իհարկե, այս պատերազմական օրերին չենք աշխատել, բայց դեկտեմբերի 25-ից մինչեւ 30-ը խաղալու ենք ամանորյա ներկայացում «Բրեմենյան երաժիշտները», իսկ մնացած ներկայացումների պրեմիերան կլինի հունվար-փետրվար ամիսներին»,- ասում է Հակոբ Ղազանչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Գաբրիել Սունդուկյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ:

«Արդեն հայտարարությունն արել ենք, ամանորյա ներկայացում ունենք՝ «Ալադինը», որը  բեմադրել ենք նախորդ տարի, դա ենք խաղալու, ի դեպ, այդ պիեսը շատ քիչ ենք խաղացել, կարելի է ասել, նոր ներկայացում է: Հանդիսականներն այս համավարակի պատճառով նստում են իրարից որոշակի հեռավորության վրա՝ պահելով անվտանգության բոլոր կանոնները»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նկատենք, որ, անկախ երկում ստեղծված ճգնաժամային իրավիճակից, թատրոնները չպետք է լճացման ենթարկվեն, այլ պետք է շարունակեն աշխատել եւ  նպաստել մշակութային  կյանքի զարգացմանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՈՐՔԱ՞Ն ԿԿԱԶՄԵՆ 2021Թ. ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԸ

Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները, «Տոկիո-2020» կազմակերպական կոմիտեն եւ Ճապոնիայի կառավարությունը համաձայնեցրել են 294 միլիարդ իենի (շուրջ 2,8 միլիարդ դոլարի) չափով ծախսերի գումարը, որը կպահանջվի Տոկիոյում ամառային օլիմպիադան 2020-ից 2021 թվական հետաձգելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

 

Նշվում Է, որ այդ գումարից 94 միլիարդ իենը (շուրջ 923 միլիոն դոլարը) կուղղորդվի մրցումներում նոր կորոնավիրուսով վարակումների կանխմանը: Ծախսերի մեծ մասը՝ 120 միլիարդ իենը (շուրջ 1,1 միլիարդ դոլարը), կստանձնեն Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները: Մնացած գումարը կվճարեն «Տոկիո-2020» կազմկոմիտեն (103 միլիարդ իեն (շուրջ 990 միլիոն դոլար)) եւ Ճապոնիայի կառավարությունը (71 միլիարդ իեն (շուրջ 682 միլիոն դոլար)):

Տոկիոյում օլիմպիադան պետք Է կայանար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում:

Ըստ որում, խաղերի «Տոկիո-2020» անվանումը պահպանված է: Հունիսին Տոկիոյում խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես Է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափը պարզեցնելու օգտին. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ

Չնայած պատերազմի եւ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարեւորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը: ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 %-ով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են: Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները:

 

 

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Եվրոպայի լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին: Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մագնուս Էյկրեմը («Մոլդե»), Յենս Հաուգեն («Միլան»), Բուրակ Յիլմազը («Լիլ») եւ Վենդերսոն Գալեոն («Բրագա»): Էյկրեմն ու Հաուգեն դարձել են գոլի եւ գոլային փոխանցման հեղինակներ, Յիլմազը ձեւակերպել է դուբլ, իսկ Գալեոն խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Մրցանակների հաղթողին կորոշեն երկրպագուները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով:

 

 

ՄԵՍԻՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին մարզական կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում։ 33-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ պայմանագիր կկնքի 2021 թվականի ամռանը: Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը Մեսին ցանկություն էր հայտնել հեռանալ «Բարսելոնայից», սակայն նրա ծառայություններով հետաքրքրվող «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ համաձայնության գալ կատալոնական թիմի հետ: Ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել էր, որ հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու է Մեսիի կողքին:




Լրահոս