ԱՌՃԱԿԱՏՈՒՄ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ «ԻՄ ՔԱՅԼԻ» ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» խմբակցության եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ նոր սկանդալ է հասունանում՝ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Հովիկ Աղազարյանի եւ Վլադիմիր Վարդանյանի՝ ԱԺ ներկայացրած նոր նախագծի հետ կապված:

 

Նախագիծն առաջարկում է հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթների իրականացումը:

Այս կապակցությամբ Առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարեւոր դրույթներ: Մասնավորապես՝

ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում,

ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը,

ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքը hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, առեւտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով):

Օրենքի մյուս կարեւոր հոդվածները եւ, մասնավորապես, հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների եւ փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից: ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետները եւ հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը եւ տնտեսվարողներին պատրաստվել դրան: «Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն ախուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը եւ ընդհանուր դիմադրողականությունը:

Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլեւ հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաեւ տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի եւ մահերի կանխմանը: Կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգից», – ասվում է ԱՆ հայտարարության մեջ:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԱԾՆԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ

Ադրբեջանական գերությունից օրերս Հայաստան վերադարձածների թվում են Տավուշի մարզի Այրում քաղաքից ժամկետային զինծառայող Նարեկ Աղաջանյանը եւ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող, Ադրբեջանին սահմանակից Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել  Երեւանի զինվորական հոսպիտալում գտնվող Նարեկ Աղաջանյանի հոր՝ Գարիկ հետ, նա հայտնել է, որ Նարեկին դեռ պետք է հանդիպեն  Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Գարիկը հոգեկան խնդիրներ չունի, սակայն ունի մեջքի բեկորային վնասվածք, պետք  է վիրահատվի։  Կարեն Ղազարյանի հայրը՝ Արմեն Ղազարյանը,   հայտնել է, որ որդին գտնվում է Երեւանում, հոգեբուժարանում, նա մինչեւ 2018թ. հուլիսի 15-ը Ադրբեջանի տարածքում հայտնվելը ուներ հոգեկան խնդիրներ, հաշվառված հիվանդ էր։  Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել  Արմեն Ղազարյանի հետ, որը գտնվել է որդու հետ, այժմ վերադարձել է  Բերդավան, այժմ  Կարենի մոտ է գտնվում, նրան խնամում  է  ուսուցչուհի մայրը։

 

 

20 ԻՋԵՎԱՆՑԻ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2020թ. հոկտեմբերի 28-ից ընթանում է Անդրանիկ եւ Թաթուլ  Դոլյանների, Անդրանիկ եւ Էրիկ Սահակյաննների, Անտոն Օթարյանի, Գարսիկ, Վարհրամ եւ  Սասուն Սիմոնյանների, Էդիկ, Էրիկ  եւ Ջիվան Ափինյաններին, Մհեր Բաղրամյանի,Մովսես Քարտաշյանին, Նարեկ, Մհեր եւ Արթուր  Մարգարյանների, Վահագն ու Վահե Ղուկասյանների, Տիգրան Սարդարյանի, Ռուբիկ Էդիլյանի դատավարությունը։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նրանք իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, վերջիններիս կողմից իրենց պարտականությունները կատարելու հետ կապված, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել։ Նրանց նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։  2019թ. հուլիսի 17-ին Իջեւան քաղաքում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումներ էին  սկսվել, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը: Այդ բախումներից հետո Իջեւանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13 անձ,  հաջորդ օրը ձերբակալվել էր 13 անձ: Դեպքից հետո  հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 258  հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով եւ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՄ-Ն ԿԱՋԱԿՑԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

2020 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործընկերության խորհրդի երրորդ նիստը։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, այն նախագահել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը՝ ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի մասնակցությամբ։ Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«ԵՄ-ն ողջունում եւ աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետամուտ լինելու եւ մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը՝ չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը: «ԵՄ-ն, ի լրումն Մինսկի խմբի համանախագահների ջանքերի, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորման ձեւավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության եւ վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»: «ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը եւ ներպետական շարունակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների եւ գործարարության: COVID-19 համավարակի հետեւանքները չեզոքացնելու, արդարադատության եւ ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանդերձ, մենք պատրաստ ենք նաեւ քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաեւ տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը, եւ աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման եւ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ»,- ընդգծել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին:

 

 

377 ԸՆՏԱՆԻՔԻ՝ ՄԻԱՆՎԱԳ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից: Զոհերի ընտանիքներին ընդհանուր առմամբ տրվել է 24 մլրդ 814 մլն 100 հազար դրամ: 377 զոհերի թվում 203-ը պայմանագրային զինծառայողներ են, 106-ը` պայմանագրային ենթասպայական կազմի ծառայողներ, 61-ը սպայական կազմից են, 7-ը` կամավորներ: Միանվագ պարտավորությունների գումարի չափը 3 մլրդ 770 մլն է, իսկ 20 տարվա պարտավորությունների չափը` 21 մլրդ 44 մլն 100 հազար:

 




Լրահոս