Լուսանկարն արվել է Երեւանում
ArmLur.am-ն արդեն մի քանի օր է՝ ահազանգ է ստանում Նոր Նորքի 3-րդ զանգվածի բնակիչներից այն մասին, որ Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1 շենքի դիմաց «ջրհեղեղ» է: Բանն այն է, որ այդ հատվածում գտնվում է կոյուղի, որից անդադար ջուր է հոսում ամբողջ փողոցով: Այս սառնամանիքին այդ ջուրը վերածվում է սառույցի եւ անհնար դարձնում ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների անցուդարձը: Հուսանք՝ պատկան մարմինները պատշաճ ուշադրություն կդարձնեն խնդրին եւ վերջնական լուծում կտան, քանի որ խնդիրը նոր չէ:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կարող են պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրվել կառուցապատման իրավունքով:
Հարություն Հակոբյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդված):
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:
Վաղինակ Կիրակոսյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը՝
5) ըստ անհրաժեշտության՝ ներկայացվում է նաեւ՝
ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ՝ ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
բ. ավանդատուի անունը եւ (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները,
գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը,
դ. նոտարի կողմից տրամադրված, զոհվածի անունով մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված, զոհվածի (մահացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները,
ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 1993 թվականի հունիսի 10-ից հետո նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրված ավանդը փոխհատուցման ենթակա չէ: