Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերել են ներնետված պոլիէթիլենային տարա և կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Վերոնշյալ տարայում առկա է եղել բջջային հեռախոս, իսկ փաթեթում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,17 և 2 գրամ քաշերով առանձացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, ինչպես նաև փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: