Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ համաներում է կիրառվել, վարույթը կարճվել է։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին 2018-ի հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Ավելին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:




Լրահոս