ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գոլդ» համարանիշերով մեքենաների տերերը փաստի առջև են. կեղծ համարներ են վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերն ավելանում են, սակայն չեն բացահայտվում. անհայտ անձինք գողանում են մեքենաների ե՛ւ դիմացի ե՛ւ հետեւի համարանիշները: Այս խնդրի առաջ հիմնականում կանգնում են գոլդ համարանիշներ ունեցող մեքենաների վարորդները:

Ի դեպ, պետհամարանիշները գողանալուց հետո հանցագործները մեքենայի դիմապակու վրա թողնում են գրություններ եւ առաջարկում Viber-ով կապ հաստատել իրենց հետ, ապա պահանջում համարանիշների վերադարձի դիմաց կլորիկ գումար վճարել՝ լավ իմանալով, որ ճանապարհային ոստիկանությունը, ըստ օրենքի, միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում։

Այսինքն՝ վարորդները ստիպված են լինում իրենց սեփական համարանիշները կորչելու դեպքում նորից վճարել ընդհուպ մինչեւ մի քանի միլիոն դրամ։ Սովորաբար վարորդները լուռ համաձայնում են գողերին վճարել պահանջվող գումարը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերականգնում է միայն մեկ կորցրած համարանիշը։

Օրինակ` եթե գողացել են ձեր մեքենայի 30 LL 030 համարանիշը, որի համար նախապես մասնակցել եք աճուրդի եւ վճարել 300 կամ 400 հազար դրամ, իսկ դրա դիմաց գողերը պահանջում են վճարել 40-50 հազար դրամ, ապա դուք կնախընտրեք համագործակցել հանցագործի հետ, քանի որ, ըստ օրենքի, չեք կարող նույն համարանիշը կրկին ստանալ, իսկ «գոլդ» համար ունենալու համար ստիպված կլինեք դարձյալ մասնակցել աճուրդի եւ 300-400 հազար դրամ վճարել։ Բացի այս, վարորդները տեղեկացնում են, որ համարանիշիների համար գողերը պահանջում են վճարել նաեւ Bitcoin-ի միջոցով։

Պարզվում է, որ մեքենաների համարանիշների գողության դեպքերը Ռուսաստանում եւս մեծ տարածում ունեն, բայց այնտեղ վարորդների մի մասը հարցի լուծման տարբերակ է գտել՝ համարանիշի բնօրինակը պահում են ավտոմեքենայում, ինքնաշեն տարբերակն են միայն փակցնում մեքենային: Բայց արի ու տես, որ ռուսական օրինակը սկսել են կիրառել նաեւ հայաստանցի վարորդները:

ArmLur.am-ը վարորդներից տեղեկացավ, որ list.am էլեկտրոնային հարթակում բազմաթիվ են այն անձինք, որոնք ինքնաշեն համարանիշեներ են վաճառում, անգամ պատրաստ են նորը պատրաստել: Այսօր բազմաթիվ են այն վարորդները, որոնք երթեւեկում են ինքնաշեն համարնիշներով: Իսկ ինքնաշեն համարանիշներ պատրաստելու վերաբերյալ հայտարարությունները ամենուր են: Այնուամենայնիվ, ArmLur.am-ին այս խնդրի շուրջ ՀՀ ճանապարհային ոստիկանության օպերատորները փոխանցեցին, որ չի թույլատրվում ինքնաշեն համարանիշենորվ մեքենա վարել, դրա համար վարչական տուգանք է նշանակվում՝ 10 հազար դրամի չափով: Այստեղ ձայնագրություն Բայց վարորդները նախընտրում են օգտագործել ինքնաշեն համարանիշ եւ տուգանվել 10.000 դրամով, քան կորցնել իրենց 500 կամ մեկ միլիոն դրամ արժողությամբ համարանիշները:

Այլ ելք չունեն, քանի որ վերջին տարիներին համարանիշի գողության դեպքերը Հայաստանում մեծ տարածում են գտնում, իսկ ՀՀ ոստիկանությունը, կարծես թե, ոչինչ չի ձեռնարկում դրանք բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։ Այս մասին են խոսում նաեւ թվային տվյալները, որոնք, ի դեպ, մեզ են տրամադրել ՀՀ ոստիկանությունից: Այսպես, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողության 319 դեպք, որից բացահայտվել է 31-ը, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ մարտի 23-ը արձանագրվել է 156 դեպք, որից բացահայտվել է 3-ը։ Տպավորություն է, թե ոստիկանության որոշ օղակների գիտությամբ են թաղային գողերը վարորդների հաշվին բիզնես անում։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս