Հոկտեմբերի 3-ին Աբովյան քաղաքում սպանություն է տեղի ունեցել, որն աչքի է ընկնում իր արտառոց ընթացքով, քանի որ դեպքի վայրից ինչ-որ մեկը տուժածին գիշերով տեղափոխել է հիվանդանոց, չնայած վերջինս արդեն մահացած է եղել:Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սպանվածը` Այնթափ գյուղի բնակիչ 37-ամյա Հայկ Հովակիմյանը, Արարատ տանող ճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն է: Հայկ Հովակիմյանի դին ինչ-որ մեկը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Անհայտ անձը սպանվածի դին հիվանդանոցում թողնելուց հետո հիվանդանոցի բակում թողել է նաեւ մեքենան եւ հեռացել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` գիշերային ակումբի սեփականատիրոջ գլխին մեծ վերք է եղել: Ըստ մեր հավաստի տեղեկությունների` վիճաբանությունը ծագել է «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատիրոջ եւ Երեւանի բնակիչ 24-ամյա Հրանտ Ալոյանի միջեւ մերկապարուհու պատճառով: Վիճաբանությունը ծագել է հենց այդ աղջկա բնակարանի շրջակայքում: Երկար «ռազբորկայից» եւ «հաշիվ մաքրելուց» հետո Հրանտը որոշել է երկաթե լինգերով ծեծել Հայկին այն աստիճան, որ վերջինս տեղում մահացել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում Հայկ Հովակիմյանի սպանության մեջ կասկածվող, Երեւանի 24-ամյա բնակիչ Հրանտ Ալոյանին հայտնաբերելու ուղղությամբ:Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՌԱԶԲՈՐԿԱՅԻ» ՎԵՐՋՈՒՄ ՍՊԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ