Միգրացիոն ծառայությունը պարզաբանել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգի պարզեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Օտարերկրացիների, Պետական տուրքի և Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունից, այդպիսով, հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Ներկայացված փաթեթի ընդունման արդյունքում.

ստեղծվում է օտարերկրյա աշխատողների գրանցման միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալու միաժամանակյա հասանելիություն ապահովել աշխատանքի թույլտվության գործընթացում ներառված բոլոր պետական մարմինների համար, կրճատելով գործընթացի վրա ծախսվող ժամանակը և բարելավելով վարչարարությունը,
պարզեցվում է աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը։ Ներկայումս աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է գործատուին, իսկ դրա հիման վրա արդեն աշխատողը ստանում է կացության կարգավիճակ։ Առաջարկվող կարգով աշխատանքի թույլտվությունը իրենից ներկայացնելու է էլեկտրոնային հարթակում տրվող հաստատում, որի հիմքով օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ։ Արդյունքում կրճատվում է վարչարարությունը, թեթևանում թե՛ գործատուի և թե՛ օտարերկրացու բեռը,
հստակեցվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կարգավորող նորմերի կիրարկումը,
հստակեցվում են աշխատանքի թույտվության տրամադրելու հարցում պետական լիազոր մարմնի, ինչպես նաև գործընթացում ներառված մյուս մարմինների գործառույթները,
հնարավորություն է ստեղծվում հավաքագրել ամբողջական վիճակագրական տվյալներ, այդ թվում առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ։
Փաթեթում նշված մի շարք գործընթացներ առավել դետալային կարգավորման են ենթարկվելու ՀՀ կառավարության որոշումներով, ինչն էլ կառավարությանը առավել մեծ ճկունություն է տալու միգրացիոն հոսքերի կառավարման հարցում»,- հայտնեցին Միգրացիոն ծառայությունից։




Լրահոս