ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Գրությունների հեղինակը, մեղմ ասած, հոգնել է տարածքը մաքուր պահելու բոլոր կոչերից, ստիպված նման քայլի է դիմել. նա նույնիսկ խոստանում է դիմել խիստ պատժամիջոցների: Ամեն դեպքում, ցավալի է, որ մեր հասարակության մեջ կան նման վարքագծի տեր քաղաքացիներ:

 

ԿՐԹԱԿԱՆ

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:

Անի Օհանյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԱԽԱՆ. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝

l բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),

l օտար լեզու եւ ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

l ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի).

l քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

ՀՀ կրթութան, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անհրաժեշտ է ներկայացնել ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:

Հայկուհի Մելքոնյան (38 տարեկան, դիզայներ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,

2) նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում նախորդ ամուսնությունը դադարելու հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը (ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը), եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

Ամուսնության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է ամուսնացող անձի լրացրած՝ ընտանեկան կարգավիճակը վերաբերյալ սահմանված տեղեկությունները պարունակող դիմում՝ հաստատված նոտարական կարգով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, եւ ոչ ուշ, քան վեց ամիսը: Ամուսնության պետական գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:




Լրահոս