ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթոյանի գործով քաղաքական որոշում. Մարդու իրավունքների պաշտպանը դատի է տվել Գլխավոր դատախազությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Գլխավոր դատախազությունը մերժել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը քրեական գործ հարուցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանին վիրավորանք հասցնելու համար։

Սարգիս Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջում հայհոյանք պարունակող գրառում էր կատարել Արման Թաթոյանի հասցեին այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի արարքը լրագրող Փայլակ Ֆահրադյանին ծեծելու առնչությամբ։ Ի դեպ, գրառումը հավանել (like) են բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլի» նախկին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ գրառման ներքո ծավալվել էին բռնությունն արդարացնող ու խրախուսող քննարկումներ:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան տեղեկացրին, որ իրենք Սարգիս Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարց էին բարձրացրել ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 332.2-րդ (Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հոդվածներով, սակայն քրեական գործ է հարուցվել միայն 226․2-րդ հոդվածով։ «Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանը դատարանում վիճարկում է Դատախազության որոշումը Քրեական օրենսգրքի 332․2-րդ հոդվածով քրեական գործ չհարուցելու վերաբերյալ»,- նշեցին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Իսկ հիմա ամենակարեորի մասին. ում է մակագրվել գործը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է քաղաքական պատվերներ կատարելու գործում հմուտ դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ Մացոյին, որը հանրության մոտ հայտնի է իշխանությունների հաճո որոշումներ կայացնող, հետևաբար՝ հիմքերն ամուր են ենթադրելու համար, որ ՄԻՊ-ի բողոքը կմերժվի։

Ամենաուշագրավն այն է, որ իշխանությունները մի կողմից քրեականացնում է հայհոյանքը, մյուս կողմից Դատախազությունը քրեական գործ չի հարուցում նմանատիպ իրավիճակում: Ասել է թե՝ իշխանություններն իրենց սիրելիներին ջրից չոր են դուրս բերում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս