Armenian text to speach

«Հայաստան-Սփյուռք համագործակցությունը պետք է վերածվի իրական արդյունքների»․ Ռուբինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հարգելի պարոն գլխավոր հանձնակատար,

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ, հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ բոլորիդ մայրաքաղաք Երևանում՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման կապակցությամբ։

Ուրախ եմ, որ այստեղ են հավաքվել շուրջ 800 մասնակիցներ՝ աշխարհի 55 երկրներից ժամանած մեր հայրենակիցներ, հայկական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, մշակույթի, կրթության և հասարակական կյանքի գործիչներ։

Ձեր ներկայությունը վկայում է, որ Հայաստանի ապագայի, և, ընդհանրապես, մեր ընդհանուր ապագայի շուրջ երկխոսությունն ունի մեծ ներուժ։

Նախորդ երկու գագաթնաժողովները ձևավորեցին Հայաստան-Սփյուռք երկխոսության կարևոր հարթակ։ Այսօր մեր խնդիրն է ոչ միայն ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը, այլև նոր բովանդակություն հաղորդել համագործակցությանը։

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին խոսելիս չենք կարող շրջանցել «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը կամ հայեցակարգը։

Ի՞նչ է Իրական Հայաստանը։

Իրական Հայաստանը մեր պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով, իր քաղաքացիներով, պետական ինստիտուտներով, ժողովրդավարական համակարգով և զարգացման ձգտումով։

Այն մեր հայրենիքն է, որտեղ մենք ապրում ենք, աշխատում, ստեղծում, որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում մեր ու հաջորդ սերունդների ապագայի համար։

Առաջ տանել իրական Հայաստանի հայեցակարգը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից, ազգային ինքնությունից, մշակույթից կամ աշխարհասփյուռ հայության հետ կապերից։ Ընդհակառակը, նշանակում է մեր հարուստ ժառանգությունը դարձնել ամուր պետականության և ժամանակակից զարգացման հենարան, իսկ պետությունը դարձնել բոլոր համազգային երազանքների ու նպատակների կիզակետ:

Մենք ունենք հազարամյակների պատմություն և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի նշանակալի ներդրում։ Ունենք Սփյուռք, որը տարբեր երկրներում պահպանել է իր ինքնությունը և մեծ հաջողությունների հասել գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի ու հանրային կյանքի ոլորտներում։

Սա մեր հարստությունն է։ Սակայն մեր առջև դրված խնդիրն այդ հարստությունը նաև ապագայի վերածելն է և դեպի Հայաստան ուղղելն է: Բառիս թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, այո՛, նաև ֆիզիկական իմաստներով:

Իսկ ապագան կառուցվում է ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետության միջոցով։ Իրական Հայաստանը պետք է լինի մի երկիր, որտեղ խաղաղությունը ոչ թե հակամարտության ժամանակավոր դադար է, այլ զարգացման հնարավորություն և բնականոն կյանքի հիմք, որտեղ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարական ինստիտուտներն առօրյա իրականություն են։

Սիրելի ներկաներ,

Այսպիսի Հայաստանի կայացման գործում Սփյուռքը նույնպես կարող է իր ներդրումն ունենալ։

Մենք չենք ցանկանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սահմանափակել միայն հայրենասիրական զգացմունքներով, պատմական հիշողությամբ կամ բարեգործությամբ։ Դրանք կարևոր են, բայց մեր համագործակցությունը կարող է և պետք է շատ ավելի ընդգրկուն լինի։

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայ մասնագետների, գիտնականների, ձեռներեցների և երիտասարդների ներդրումը Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության և սպորտի, առողջապահության, տեխնոլոգիաների և մշակույթի զարգացման գործում։ Իսկ եթե այդ ներդրումը լինի հայրենադարձության տեսքով, մենք՝ Հայաստանի հայերս, չափազանց երջանիկ կլինենք, ինչպես ցանկացած քույր ու եղբայր երջանկանում են, երբ վերամիավորվում են:

Մեզ անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլ նաև գիտելիք, փորձ, նորարարություն, մասնագիտական կապեր և համատեղ ծրագրեր։ Հայաստանը պետք է դառնա միջազգային համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ։

Այս գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները՝ ժողովրդավարությունից և տարածաշրջանային խաղաղությունից մինչև տնտեսություն, կրթություն, առողջապահություն, արհեստական բանականություն և բնապահպանություն, արտացոլում են հենց այդ ձգտումը։

Օրերս այս նույն վայրում անցկացված COP17-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկիրը կարող է հյուրընկալել համաշխարհային նշանակության ձեռնարկներ և իր ներդրումն ունենալ գլոբալ օրակարգի ձևավորման գործում։ Մենք պետք է կարողանանք համատեղել Հայաստանի ներուժը Սփյուռքի միջազգային փորձի և կապերի հետ։

Միաժամանակ պետք է գիտակցենք, որ Սփյուռքը միասնական և միատարր կառույց չէ։ Այն ունի տարբեր պատմություններ, միջավայրեր, առաջնահերթություններ և մոտեցումներ։ Մեր խնդիրն է լսել միմյանց, հարգել տարբերությունները և գտնել համագործակցության ընդհանուր եզրեր։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, վստահության և իրական գործունեության վրա։

Սիրելի հայրենակիցներ,

Կարծում եմ՝ այս գագաթնաժողովը չպետք է սահմանափակվի լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով։ Այն պետք է դառնա կոնկրետ գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության նոր ծրագրերի մեկնարկային հարթակ։ Մեր նպատակն է, որ այս օրերին ձևավորված կապերն ու պայմանավորվածությունները շարունակվեն նաև գագաթնաժողովի ավարտից հետո և վերածվեն իրական արդյունքների։

Մեր ընդհանուր պատասխանատվությունն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն հարուստ պատմություն և ազգային ինքնություն, այլև ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող Հայաստան։ Հայաստան, որով հպարտանում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը և որի ապագայի կերտմանը նրանք մասնակցում են իրենց գիտելիքով, աշխատանքով, նախաձեռնություններով ու ներդրումներով, և, ինչպես արդեն շեշտեցի, հայրենադարձությամբ:

Մեծն Հովհաննես Թումանյանը դեռևս մեկ դար առաջ (1921 թ.) իր խոսքն էր ուղղում աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով լսել հայրենիքի ձայնը և նպաստել ազատ ու շեն հայրենիքի կերտմանը։ Այսօր այդ կոչը նոր բովանդակություն է ստանում։ Մեր խնդիրն է համատեղ ջանքերով կառուցել ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետություն՝ Իրական Հայաստանը, որը կլինի մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը և մեր ընդհանուր ապագայի հենարանը։

Վստահ եմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի այդ նպատակին։

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ, նոր գաղափարներ, հետաքրքիր հանդիպումներ և հաջողված համագործակցություն։

Կեցցե՛ Իրական Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը։




Մամուլի Տեսություն

Լրահոս