2009 թվականի փետրվարի 3-ին իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցից սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքը` հայրը, մայրը, որդին, հարսը, նախօրեին շմոլ գազի թունավորմամբ հոսպիտալացվել էր: Իսկ մինչ այդ Գեւորգ Մհերյանի հոր` Պետրոս Մհերյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը հարցազրույց էր անցկացրել, որտեղ նա հայտնել էր, որ որդու մահվան չբացահայտված հանգամանքների վերաբերյալ շատ բան ունի ասելու: -Պարո՛ն Մհերյան, Ձեր ընտանիքի անդամների թունավորումը գազից կապո՞ւմ եք Ձեր վերջին հայտարարությունների հետ: Կատարվածը կարո՞ղ էր պատահականություն չլինել: -Ճիշտն ասած, հայտարարությունների հետ չեմ կապում, որովհետեւ ես դեռ պատրաստ էլ չեմ հայտարարություն անելու, դրա համար չեմ գիտա` ինչ ասեմ: Բայց տարօրինակ էր, որ լողացել ենք ժամը իննին, բայց թունավորվել գիշերվա 4-ին: Սա ինձ համար մի քիչ տարօրինակ է, ստուգել են, արտահոսք չկա, եւ առայժմ գնում են գործողություններ: Նաեւ մի քիչ տարօրինակ է, որ մերը «Բաքսի» չէ, գազի «կալոնկա» է, տասը տարի է` օգտագործում ենք` ոչ մի բան ու հիմա միանգամից…-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Ձեր ընտանիքին միանգամից բուժօգնություն ցույց տրվեց: Այսինքն` Դուք գիշերվա ժամը 4-ին գազի հոտ զգացիք ու բժի՞շկ կանչեցիք:-Սկորի կանչեցինք, որովհետեւ միանգամից վատացանք, բայց բժիշկները եկան, ասացին` սրտի պրոբլեմ ունես: Հոտ-մոտ չկար: Իհարկե, էս հարվածներից հետո սրտի պրոբլեմ կունենամ, որովհետեւ էդքան վազում եմ, դիմում եմ նախարարին (Ալիկ Սարգսյանին), բայց պատասխանն անուշադրություն է… 3-րդ տարին է` մի հատ սպանություն չեն բացում, երբ որ ես շատ լավ էդ գործին տեղյակ եմ ու 90 տոկոսով համոզված եմ` ինչ է կատարվել, ոնց է կատարվել: Ու Ալիկ Սարգսյանն էլ պետք է քննիչներին ուղղորդի` «միայն Մհերյանի գործով զբաղվեք»:-Դուք իրավապահներին, վերջին դեպքի հետ կապված, հայտնե՞լ եք Ձեր կասկածների մասին, միգուցե նյութե՞ր նախապատրաստվեն:-Հայտնեցի ես, անալիզները տվեցի (պատասխանները), ասեցի շմոլ գազ ա, եկան գազի աշխատողները, ստուգեցին, պարզվեց` վաբշե արտահոսք չկա, անհնարին ա: Ոստիկանություն դիմել եմ, իրենք եկան, դե միանշանակ հետաքրքիր է էլի` Մհերյանի ընտանիքի թունավորումը: -Իսկ գազի անվտանգության աշխատակիցները պաշտոնական, գրավոր եզրակացություն տվե՞լ են:-Դեռեւս չէ, բայց ես հետամուտ եմ լինելու, որ եզրակացություն տան. եթե չկա գազի արտահոսք ու եթե կա` կինս ժամը 9-ին լողացել ա, մինչեւ գիշերվա 4-ը պահպանվա՞վ այդ գազը: Ես մի հինգ անգամ դուրս եմ եկել, ներս, ու ժամը 4-ին մենք թունավորվո՞ւմ ենք: Իմ համար մի քիչ տարօրինակ է, բայց առայժմ ինչ-որ վերսիաների հետ չեմ կապում:-Իսկ Դուք երբեւիցե որեւէ ձեւով սպառնալիքներ ստացե՞լ եք:-Չէ՛, տենց չեմ ստացել, բայց եղել է մի թեթեւ խոսակցություն` ոչ թե ուղղակի, այլ անուղղակի… կա տենց մի տերմին` «խղճալով» կարելի է ասել. «Դե դեպք ա, պատահել ա, դու քո ընտանիքով մխիթարվի» եւ այլն, եւ այլն: Դրա մեջ ես գտել եմ սպառնալիք, որովհետեւ ասողն էն մարդն է, որ կարա շատ սիրուն ձեւով, ձեւերով ասի:-Իսկ նա ոստիկանության, դատախազության համակարգի՞ց է, պաշտոնյա՞, գործի հետ առնչվո՞ղ, թե՞…-Կարելի ա ասել` որոշ չափով առնչվող ա եղել… Ես հիմա ունեմ որոշ չափով կասկածներ, բայց հետագան ցույց կտա, թե որքանով է առնչվում:-Իսկ որ ասում եք` 90 տոկոսով գլխի եք ընկնում, որոշե՞լ եք հայտնել հիմնական վարկածը: -Ես չեմ կարա առայժմ ասել, բայց որոշ մարդկանց հետ կիսվում եմ, որովհետեւ իմ մեջ պահելն էլ իմաստ չունի: Չեմ ուզում էդ մարդկանց անունները տալ` ով ա տեղյակ, ես դեռ սպասում եմ: -Իսկ ոստիկանապետի հետ քանի՞ անգամ եք հանդիպել, եւ անձամբ նա Ձեզ ինչ-որ վարկածների մասին ասե՞լ է: -Երկու անգամ հանդիպել եմ, հիմա էլ սպասում եմ հանդիպման: Ինքն էլ գիտի, որ ՀՔԾ-ում գտնվող թղթերը, որ 3 հատորով պահանջել եմ Միրզոյան Անդրանիկից ու Սարդարյան Հեկտորից, զրոյական ա ու միտումնավոր տարած ա դեպի փակուղի: Ինքն էլ շատ լավ գիտա, որ 2 տարվա մեջ ոչինչ չի կատարվել, էն դեպքում, որ ամեն թուղթը կարդալուց հետո ես գործը 90 տոկոսով ինձ համար բացել եմ:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՄՀԵՐՅԱՆՆԵՐԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈ՞ՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ