Ավտոմեքենա, բնակարան, հողամաս. որքան ունեցվածք ունի Գյումրիի քաղաքապետի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ներկայացրած պաշտոնը ստանձնելու հայտարարագրին:

Տեղեկացնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է հոկտեմբերին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններին։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Հարությունյանին պատկանող անշարժ գույքը թվով երեքն է, երեքն էլ Գյումրիում. բնակարան, հողամաս եւ անհատական բնակելի տուն: Վերջինը ծնունդով գյումրեցի Հարությունյանը գնել է 2018 թվականին: Ունի 2008 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա, որը Գյումրիի քաղաքապետի թեկնածուն գնել է 2019 թվականին: Բանկային հաշվին Հարությունյանն ունեցել է ընդամենը 60 հազար դրամ, իսկ կանխկիը կազմել է 3 մլն 850 հազար դրամ: Գյումրու քաղաքապետի 34-ամյա թեկնածուն 50 հազար դրամի չափով աշխատավարձ է ստացել «Սավ գրուպ»-ից: Բացի այս, Ամերիաբանկից ստացել է 800 հազար դրամի չափով փոխառություն, ՎՏԲ-ից՝ 600 հազար դրամ: Կնոջ՝ Էմիլյա Նիկողոսյանի հայտարարագիրը բացակայում է:

Ի դեպ, հիշեցնենք՝ 34-ամյա Հարությունյանը թավշյա հեղափոխությունից հետո է նշանակվել առողջապահության նախարարի տեղակալ եւ պաշտոնավարել գրեթե կես տարի, մինչ այդ նա նախարարի խորհրդականն էր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հարությունյանի՝ փոխնախարի պաշտոնից ազատումն իբր կապված է եղել նրա հորն առնչվող քրեական գործի հետ:

Ս.Հ.




Լրահոս