ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ-Ն ԿԱՌՈՒՑԵԼ Է ՄԵԾ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին՝ շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման եւ ինժեներական ակտիվ աշխատանքներ:

 

Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով:

Այս տվյալները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման փատահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են հավաստի ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:

Սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ եւ մյուս գյուղերի ու, մասնավորապես, քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ գյուղերի հարեւանությամբ, այն էլ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, բացահայտ հանցավոր բնույթի է, այն ինքնին ոտնահարում է գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու եւ այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունը խաթարում է մարդկանց խաղաղ կյանքը:

Ուստի պետք է անհապաղ սկսվի ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու եւ ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարեւանությունից, համայնքների միջեւ ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձեւում: Այս մասին մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաեւ միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Ակնհայտ է, որ ադրբեջանական հանցավոր արարքների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է՝ ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:

Ն. Պ.

 

 

ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

2021թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել, որ եղբայրն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, տանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել։ Մեկ օր անց 65-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ «կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած վերք, աջ կոպի արյունազեղում, վերին շրթունքի աջակողմյան հատվածի թափանցող վերք եւ գլխի շրջանի փափուկ հյուսվածքների բացակայություն» մարմնական վնասվածքներով։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տղամարդու մահվան պատճառը պարզելու ուղղությամբ:

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ

Ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16։30-ի սահմաններում, նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ, 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակել է նույն միկրոշրջանի բնակիչ, 39-ամյա Լյուդմիլա Ա-ի ուղղությամբ։ Վերջինս ձախ ոտքի ազդրի հատվածում վնասվածք է ստացել։ Վնասվել է նաեւ մուտքի էլեկտրական լամպը. այն կոտրվել է։ Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչները տաք հետքերով հայտնաբերել են Վազգեն Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակը։  Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վազգեն Մ-ն եւ Լյուդմիլա Ա-ն նախկին ամուսիններ են եւ աշխատում են ՍՊԸ-ներից մեկում՝ Վազգեն Մ-ն՝ որպես օպերատոր, իսկ Լյուդմիլա Ա-ն՝ որպես որակավորող։

 

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑԱԾՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրական օրենսդրության խախտումներ չեն արձանագրվել։ Ցուցակային 18374 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8085-ը։ 223 թվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսացությանը ընտրել են 4591 ընտրող, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 1927, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը՝ 605, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 517, «Հայրենիք» կուսակցությանը՝ 219 ընտրող։ Այսպիսով, 2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի  պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանն էլ  Դիլիջան խոշոր համայնքի 20 հոգուց բաղկացած նորընտիր  ավագանու կողմից կընտրվի  այդ համայնքի ղեկավար։

 

 

ԿՈՂԲԸ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

Տավուշի մարզի Կողբ եւ Զորական գյուղերը միավորող Կողբ խոշոր  համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի պաշտոնեական լիազորությունների ժամկետը լրացել է 2021թ. սեպտեմբերի 24-ին, եւ նույն օրը Արսեն Աղաբաբյանը որոշում է ընդունել իր պաշտոնեական լիազորությունները դադարացնելու մասին։ Արսեն Աղաբաբյանը Հայաստանում առաջին համայնքի ղեկավարն էր, որ միացել էր Նիկոլ Փաշինյանի հեղափոխական շարժմանը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Արսեն Աղաբաբյանին չնշանակեց Կողբ խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչը արեց Նոյեմբերյան եւ Այրում խոշոր համայնքների ղեկավարներ Կարեն Աբազյանի եւ Արայիկ Պարանյանի պարագայում։ Ներկայումս Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Սերյոժա Ավագյանն է։ Դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Նոյեմբերյան, Այրում եւ Կողբ համայնքները միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունններ, որին, ամենայն հանականությամբ,  կմսանակցի նաեւ Արսեն Աղաբաբյանը. հավանաբար, նա կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը։ Արդեն իսկ հայտնի է, որ հոկտեմբերի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար  նշանակված Կարեն Աբազյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուասկցության ավագանիների թեկնածուների ցուցակը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս