Հայաստանում վաղուց հայկական արտադրության ՊՇՌ թեստեր չկան. մեր հանրապետությունում այժմ կիրառվում են ռուսական, չինական, լեհական, գերմանական արտադրության ՊՇՌ թեստերը, որոնց մի մասը կամ գնվել է կամ էլ նվիրել են։
Կհիշեք, 2020 թվականի ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկով շտապեց տեղեկացնել, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվել, որպեսզի թեստերի արտադրություն իրականացվի:
«Մենք խնդիր ենք դրել, որպեսզի օրական թեստերի քանակը դարձնենք 1000, այսօր օրական թեստերը տատանվում են 200-400, բայց մենք խնդիր ենք դրել այս շաբաթվանից օրը 1000 թեստ անել: Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք տեղական թեստերի ստեղծելու հարցը»,- հայտարարել է վարչապետը: Քննարկվեց հարցը, ստեղծվեցին հայկական արտադրության ՊՇՌ թեստերը, բայց ամիսներ անց Հայաստանը դարձավ ոչ թե թեստ արտադրող, այլ՝ ներմուծող երկիր:
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ:
«Մենք իրականացնում էինք ոչ թե առեւտրային արտադրություն, այլ՝ ծրագիր: Անցյալ տարի այս ժամանակները շատ ծանր իրավիճակում էինք եւ թեստերի քանակի եւ հասանելիության պարագայում ապահովեցինք Հայաստանի անխափան թեստավորման հնարավորությունը: Մենք իրականացրինք այդ ծրագիրը, մատակարարեցինք խոստացած 100 հազար թեստը, որը օգտագործվեց եւ դրանք ավարտվեցին 2020 թվականի դեկտեմբերին»- ներկայացրեց Առաքելյանը:
Տեղեկացնենք, որ այսօր տեղական բուժկենտրոնները թեստերը ձեռք են բերում բավականին մատչելի գնով. խոսքը 850- 3000 դրամի մասին է, բայց այն իրացվում 8 000-15000 դրամով։ Բայց մասնագետն ասում է, որ թեստերի ինքնարժեքը շուկայական թեստավորման արժեքի հետ կապելու իմաստ չկա:
«Պետք է հասկանալ ինչու է շուկայում նման գինը: Բայց գները թելադրում են մասնավոր թեստավորող լաբորատորիաները»,- նկատեց մասնագետը:
Այնուամենայնիվ, ArmLur.am-ը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է ծրագրի դադարեցման պատճառը:
Սակայն Արսեն Առաքելյանը խորհուրդ տվեց հետաքրքրվել կառավարությունից՝ նշելով. «Բայց ես կարող եմ ասել՝ մեր կողմից նպատակ չի դրվել ունենալ արտադրություն, որովհետեւ մենք մեր բնույթով գիտահետազոտական կենտրոն ենք, ոչ թե արտադրող հիմնարկ: Մենք արտադրամաս չենք, ֆերմա կամ կենսատեխնոլոգիական ընկերություն: Ես գտնում եմ, որ նմանատիպ թեստերի, դեղամիջոցի արտադրություն պետք է իրականացվի համապատասխան ոլորտի բիզնես ընկերությունների կողմից: Մեր ցանկությունն էր ի սկզբանե դրա տեխնոլոգիան մշակել եւ տրամադրել ինչ որ մի ընկերության, որը դրանով կզբաղվի: Այն, որ հիմա ոչ մի հայկական ընկերություն չի արտադրում ՊՇՌ թեստեր, դա կարող է խոսել այն մասին, որ այսօր կենսատեխնոլոգիական տնտեսական ոլորտը թերզարգացած է»:
Բայց մյուս կողմից կառավարությունն իր հերթին հաշվարկներ է կատարել եւ պարզել, որ ավելի ձեռնտու է թեստ ներմուծելը, քան արտադրելը, քանի որ այն թանկ է ստացվում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան