Հաղթանակ թաղամասում ապագա փեսային սպանելու գործով դատարանը որոշումներ է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 8-ին Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանության գործով ապագա փեսային ենթադրյալ սպանողներից մեկը կալանավորվել է: Դատարանը փեսայի սպանության գործով զոքանչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ չհեռանալու մասին: Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը սպանված փեսայի հարսնացուին կալանավորելու մասով: Ստացվում է, որ այս պահին կալանավորվել է միայն աղջկա եղբայրը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր նշանած աղջկա տանն է եղել եւ ընտանիքի անդամներով զրուցել են տարբեր թեմաներից: Զրույցի ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Արսեն Սիմոնյանի ապագա հարսնացուն հետաքրքրվել է, թե ով քեզ այս ժամին նամակ գրեց: Արսեն Սիմոնյանը հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը եւ առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:

Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգերի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը: Այս տեսարանը տեսնում են հարսնացուի ընտանիքի անդամները եւ խառնվում են նրանց վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է: Արդյունքում ձրբակալվել են սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը և եղբայրը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտնել էր, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։ Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաև տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։ Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել էր։ Մալաթիայի ոստիկանները 22-ամյա երիտասարդին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։

Ք. Մ.




Լրահոս