Խաշի տոտիկները թանկացել են. ArmLur.am-ը Գումի շուկայում փոքրիկ շրջայց արեց եւ պարզեց, որ խաշի չորս տոտիկն արժե 10000 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա այս ժամանակահատվածում դրանք վաճառվել են 7000-8000 դրամով: Այսինքն մեկ տոտիկն արժեցել է 1750-2000 դրամով, իսկ այս ամիսներին այն վաճառվում է 2500 դրամով: Նախորդ տարի խաշի մեկ տոտիկը վաճառվել է անգամ 1200 դրամով:
Ինչպես հայտնի է՝ խաշը կովի տոտիկներից պատրաստած համեղ ապուր է: Խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը: Այսինքն՝ սեպտեմբերից մինչև ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է: Այս օրերին Գումի շուկայի մոտով անցնելիս անհնար է չնկատել դույլի միջից ցցված կովի սափրած տոտիկներ:
Նախորդ տարի մսավաճառները կորոնավիրուսի պատճառով գումար չաշխատեցին, ամիսներով փակ մնացին նաեւ օբյեկտները, իսկ պատերազմից հետո ոչ ոք «սիրտ ու հավես չուներ խաշ ուտելու»: Բայց այս տարի մսավաճառները չեն դժգոհում. ասում են՝ առեւևտուր կա:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան