2020 թվականի սեպտեմբերին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը պարզել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրենների պաշտոնը զբաղեցրած անձանց հետ, «Նորալուսին» ՍՊ ընկերության «Զեփյուռ» ամառային ճամբար և հյուրանոց հանգստի գոտում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու պատրվակով, միասնական դիտավորությամբ, կնքել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, որոնց հիմքով փաստացի պայմանագրում նշված անձանց ճամբար չայցելելու և վերջիններիս ծառայություններ չմատուցելու պայմաններում, կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 98.785.332 ՀՀ դրամ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության և «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: ԵՎ ահա մեկ տարի անց Քննչական կոմիտեն այս գործով որոշում էկայացրել եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել Արթուր Մանուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել որ նա հանդիսանալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրեն, նախնական համաձայնության գալով առանձին-առանձին տարբեր ժամանակահատվածներում «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններ հանդիսացած Սևակ Գևորգյանի, Արսեն Ափյանի և Կարեն Պողոսյանի հետ, վերջիններիս հետ խմբի կազմում կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր, նրանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացնելու եղանակով հափշտակել է ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից իրեն վստահված 69.533.999 դրամ գումարը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվություններում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ:
Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան: Գործը մակագրվել է դատավոր մնացական Մարտիրոսյանին:
Քնար Մանուկյան