ԱՆՀՈԳ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱԼԱՆ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոռնոգրաֆիայի թագուհի Իլոնա Շտալերը, ով հայտնի է Չիչոլինա անունով, Իտալիայի խորհրդարանում աշխատելու համար նպաստ է ստանալու: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հունգարացի պոռնոաստղին իսկական անհոգ ծերություն է ապահովել: Խորհրդարանում մեկ ժամկետ աշխատելու համար Չիչոլինային տարեկան 53 հազ. դոլար թոշակ է նշանակվել: Հավանաբար պոռնոաստղի հաջողությունների մասին լսելով` հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտնվել է շոկային վիճակում, քանի որ Մեծ Բրիտանիայում Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված «Michael Forever-The Tribute Concert» համերգի ժամանակ, մոռանալով, թե որտեղ է գտնվում, նա կրել է միջոցառման համար շատ անհամատեղելի, կարճ ու մարմինն ընդգծող հագուստ: Մինչ Մեծ Բրիտանիայում կայացած համերգի հանդիսականներին զարմացրել է Ագիլերան, Իսպանիայում ահ ու սարսափ է, քանի որ երկրի ղեկավարությունը որոշել է հանել ֆաշիստական բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի  մարմնի մնացորդները Մադրիդի մոտ` Ընկածների հովտում, գտնվող նրա հսկայական դամբարանից: Հանձնաժողովը պատրաստվում է հովիտը վերածել հաշտության թանգարանի, այնտեղից դուրս հանել Ֆրանկոյին եւ վերահուղարկավորել Մադրիդի Էլ-Պարդո գերեզմանատանը: Նրա ընտանիքը, ամենայն հավանականությամբ, դեմ չի լինի, քանի որ նրան կամփոփեն կնոջ` Կարմեն Պոլոյի կողքին: Իսկ Փարիզի արվարձաններում բնակվող մի  ընտանիքում իսկական խառնաշփոթ է, քանի որ նրանց տան գլխին երկնաքար է ընկել: Գիտնականները նշում են, որ սա եզակի դեպք է. 4.5 մլրդ տարեկան երկնաքարն առաջին անգամ է ընկել Ֆրանսիայի մայրաքաղաքին այդքան մոտ: Վերջին 4 հարյուրամյակների ընթացքում Ֆրանսիայում ընկել է 60 երկնաքար: Հետաքրքիր պատահականությամբ, տունը, որի տանիքին ընկել է երկնաքարը, պատկանում է Կոմետտաս ընտանիքին: Երկնաքարն ընկել է մի քանի շաբաթ առաջ, երբ ընտանիքի անդամները տանը չեն եղել: Նրանք երկնաքարը նկատել են միայն այն ժամանակ, երբ տանիքը սկսել է փլվել: Իսկ մինչ պոռնոաստղը մտածում է` ինչի վրա է ծախսելու  իր թոշակը, Ագիլերան շոկային վիճակում է, փարիզեցի ընտանիքն էլ տարակուսում է` որտեղից ճարի տան տանիքը վերանորոգելու գումարը, Նյու Յորքի Բրուքլինի շրջանում 4 հանցագործ 4 րոպեի ընթացքում գողություն են կատարել էլեկտրոնիկայի խանութում` հափշտակելով 112 հազար դոլար արժողությամբ iPad պլանշետներ: Նրանք կոտրել են խանութի դուռը, մեծ արագությամբ թալանել եւ հեռացել: Ոստիկանությունը ենթադրում է, որ խանութի աշխատակիցներից մեկն օգնել է հանցագործներին, քանի որ դռները կոտրելու ժամանակ բոլոր տեսախցիկներն անջատված են եղել:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս