Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:
Վերոնշյալ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, թե Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ընեկրներ են դարձել։
Ի՞նչ ընկերության մասին է խոսքը, հարցը փորձեցինք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից պարզել։ Նախարարի մամուլի քարտուղարը, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց։
Հայաստանի դարավոր թշնամի համարվող Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ՀՀ արտգործնախարարի հավանական ընկերությունը, կարծում ենք, կարող է բխել այն լուրերից, ըստ որոնց Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է եղել։
Նման տեղեկատվության տարածողը, հիշեցնենք, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էր, ում խոսքով՝ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվել է 2005 թվականից, երբ ԱՄՆ-ում ուսումնասիրում էր ցեղասպանության ճանաչման գործընթացը։