ՔՈՂԱՐԿՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՈՒՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 2013թ. Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հիմնված եւ Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Կանադայի, ինչպես նաեւ ՀՀ մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016թ. ՀՀ տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, «VODA» անվան ներքո հանդես եկող հանցավոր խմբի բարձրագույն աստիճանակարգում գտնվող անդամների կազմակերպմամբ ծրագրվել եւ գործարկվել է բուրգի կազմում նոր անդամների եւ գույքային միջոցների ներգրավման՝ օրենքով արգելված եւ բարոյապես խեղաթյուրված համակարգ:

 

Արդյունքում, «միջազգային հեղինակավոր ընկերության» կազմում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռելու եւ այդպիսի գործունեությունից խոշոր շահույթ ստանալուն նախատրամադրելու նպատակով փուլային դասընթացների պատրվակով հավաքագրել եւ ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով վերջիններիս հաշվառվել «voda.net», «vodanet.io» ցանցային հարթակներում եւ կատարել 450 ԱՄՆ դոլարից մինչեւ 21.000 ԱՄՆ դոլար գումարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։ Ֆինանսական բուրգի կազմում կուտակված միջոցները հանցավոր խմբի կազմից դուրս գործող մասնակիցների միջեւ վերաբաշխումը նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ նոր տուրիստական թվացյալ փաթեթներ ձեռք բերած նոր ներդրողների կողմից այդ փաթեթների շահագործումը բացառելու նպատակով մշակվել են եկամուտների ստացման եւ վերաբաշխման ֆունկցիոնալ համակարգեր, ինչպես նաեւ փաթեթների շահագործման այնպիսի տարաժամկետում, որն ակնհայտորեն ոչ ձեռնտու պայմաններ է առաջացրել այն շահագործել ցանկացող գերակշիռ մեծամասնության համար։

2018թ. հունիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների շնորհիվ «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net», «vodanet.io» կայքերի գործունեությունը դադարեցվել է, որպիսի հանգամանքներում ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել եւ բաժանվել է մի քանի խմբավորումների միջեւ: Այնուհետեւ հանցավոր խմբավորման մի քանի անդամներ վերակազմակերպվել ու Կանադայում հաշվառել են «Onyxum» անվանմամբ ընկերությունը եւ համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքն ու վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործունեություն ծավալած կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին՝ արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնել են նշված «կազմակերպության» իրավահաջորդությունը եւ ՀՀ տարածքում արդեն մշակված եւ կատարելագործված մեթոդիկայով, չկոնկրետացված միասնական դիտավորությամբ շարունակել են, առանց գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, նոր ներդրողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի համալրումը։ Այդ նպատակի իրականացման համար Երեւան քաղաքում եւ ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնվել են համանուն տարածքային գրասենյակներ, որտեղ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրվել եւ ընդգրկվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մոտ համոզմունք է ձեւավորվել, որ կարող են մատչելի եղանակով կատարել բարձրակարգ հյուրանոցային փաթեթների թվացյալ գնումներ եւ իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք, որում ներգրավվելու նախապայմանը հանդիսացել է տուրիստական փաթեթ գնելը. այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը, իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ եւ նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

Բավարար ապացույցների հիման վրա մինչ օրս մեղադրանք է առաջադրվել «VODA» եւ «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող եւ համակարգող 11 անդամների: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարման մեխանիզմում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ն. Պ.

 

 

ԵԱՀԿ-Ի ԿՈՉԸ

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետեւանքով հայկական կողմը երկու զոհ ունի։ «Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը եւ կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու եւ ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Պետական եկամուտների կոմիտեն հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձեւակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 52 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 7 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 50 դեպք: Իսկ հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 138 հարկ վճարողների մոտ 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձեւակերպման 38 եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 114 դեպք:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ եւ օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

 

 

ՀՐԵՏԱԿՈԾՎԱԾ ՏՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ

2020թ. հուլիսի 12-13-ը Բերդի տարածարջանի Սեւաքար (Ղարադաշ) բարձունքում մարտեր եղան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ բարձունքում մեկ կամ երկու դիրքի գրավումը օգտագործեց իր փիառի համար, նրա գլխավորությամբ 2020թ. օգոստոսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ այդ մարտերի մասնակիցների պարգեւատրման արարողությունը, 16 զինծառայողներ պարգեւատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, կապիտան Ռուբեն Սանամյանը պարգեւատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

2020թ. հուլիսին հրետակոծված Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հրետակոծություններից եւ գնդակոծություններից տարիուկես անց դեռեւս վնասներից վերականգնված չէ հրետակոծությունից տուժած 3 առանձնատուն, մեկ տան նորոգումն էլ կիսատ է մնացել։ Ն. Կարմիրաղբյուրի բնակիչներն ասում են, որ հրետակոծված, գնդակոծված տների նորոգումը իրականացվել է անկազմակերպ, գյուղում տներ կան, որոնք չեն տուժել ադրբեջանական գնդակոծություններից եւ հրետակոծություններից, սակայն դրանց տանիքներն ու պատուհանները պետական աջակցությամբ փոխել են։ Հրետակոծված տների վերականգման խնդրով տարբեր ժամանակներում  զբաղվել  են վարչապետ Ն. Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը, ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզպետարանը հրետակոծությունից, գնդակոծությունից վնասված տների խնդրով, բնակիչների բողոքներով տարբեր ժամանակ մարզպետարանի 2 հանձնաժողով է ստեղծել։ Ն. Կարմիրաղբյուրի բնակիչները ադրբեջանական հրետակոծությունց վնասված, սակայն պետական աջակցությամբ չվերականգված առանձնատների հարցով շարունակում են բողոքել պետական մարմիններ, սակայն՝ անարդյունք:

 

 

ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐ

Իջեւան քաղաքից 2 կիլոմետր հեռավորությամբ՝ Լուսաձոր գյուղի վարչական տարածքում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, գտնվում է Իջեւան քաղաքի աղբավայրը։ Աղբավայրից քամին ցելոֆանները տարածում է, դրանք կպչում են միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող ծառերին։ Չնայած Իջեւանի համայնքապետարանը պարբերաբար աղբավայրում աղբի թաղման եւ այլ աշխատանքներ է կատարում, սակայն  միջպետական ավտոճանապարհի եզրին աղբավայրի գտնվելն անթույլատրեի է։ 2021թ. նոյեմբերի 14-ին կայացած ավագանու համամասնական ընտրություններով ձեւավորվեց  Իջեւան խոշոր  համայնքը, որի մեջ ներառվեցին Իջեւան քաղաքը եւ այդ տարածաշրջանի բոլոր գյուղերը։ Իջեւան խոշոր համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հայտնեց, որ նախատեսում են խոշոր համայնքի համար գործարկել մեկ աղբավայր, որը կգտնվի Այգեհովտի կամ Վազաշենի տարածքում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս