ԴԱՏԱՐԱՆԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը հերթական անգամ թույլ չի տվել Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։ Նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանը դատարանում միջնորդել էր թույլ տալ իրեն մեկնել արտասահման՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։ Համապատասխան միջնորդությունը ներկայացվել էր ավելի վաղ, բայց դատարանը որոշումն ընդունել է երեկ: Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ պատվիրակների մի մասն անձամբ պետք է մասնակցի ԵԽԽՎ նիստին, կազմն արդեն ընտրված է։ Նիստը տեղի է ունենալու Ստրասբուրգում հունվարի 23-29-ը։

 

«Ինչո՞վ է պայմանավորված հեռակա մասնակցության անհնարինությունը»,- հետաքրքրվել է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Փաստաբանը պարզաբանել է, որ ԵԽԽՎ-ն ինքն է որոշել, որ պատվիրակների ոչ մեծ մասը պետք է ներկա լինի, դա վերաբերում է նաեւ Արմեն Գեւորգյանին՝ հատկապես հաշվի առնելով, որ Գեւորգյանի նախկին այցելությունները ԵԽԽՎ նիստերին դատարանն արգելել էր։ Գեւորգյանն ավելացրել է, որ, ԵԽԽՎ որոշմամբ, ներկա պետք է լինեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, մանավանդ որ քննարկվելու է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։

Դատավորը հիշեցրել է, որ հունվարի 25-ին նշանակված է դատական նիստ, իսկ Գեւորգյանը չի ապացուցել իր անձնական ներկայության հիմնավորվածությունը, եւ արդյունքում որոշել է մերժել միջնորդությունը։ «Ես դա գնահատում եմ որպես անբացատրելի հետապնդման դրսեւորում»,- որոշմանն արձագանքել է Արմեն Գեւորգյանը՝ տեղի ունեցողն անթույլատրելի անվանելով։ Նրա խոսքով՝ քանի որ դատավորը որոշել է, որ նա կարող է մասնակցել նստաշրջանին հեռակա, նա հունվարի 25-ին էլ՝ եթադրվող նիստի օրը, կմասնակցի հեռակա ԵԽԽՎ նիստին։ Նույնի մասին հիշեցրեց նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանը՝ կրկնելով, որ դատական նիստը այս կամ այն կերպ անհնար կդառնա։

Անտեսելով Արմեն Գեւորգյանի եւ Լուսինե Սահակյանի փաստարկները՝ դատավորն անցել է  հաջորդ միջնորդության քննարկմանը, որը վերաբերում էր ՍԴ դիմելուն։ Փաստաբանն, այնուամենայնիվ, դատավորին հիշեցրել է, որ դատարանը լիազորված չէ խոչընդոտներ ստեղծել խորհրդարանականի աշխատանքի համար։ Օրինակ՝ Գեւորգյանը խորհրդարանում աշխատանքի փոխարեն մասնակցում է դատական նիստին։ Պարզվել է, որ կողմերը մի փոքր խճճվել են, թե հատկապես որ միջնորդությունը քննարկեն։ Պարզվել է, որ խոսքը ՍԴ դիմելու մասին է ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հանգամանքների հարցի վերաբերյալ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդել էր նիստը տեղափոխել, որպեսզի Գեւորգյանին հնարավորություն տրվի մասնակցելու ԱԺ նիստին եւ քվեարկությանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մի քանի լրացուցիչ փաստարկներ է ներկայացրել ՀՀ օրենսդրությունից, որոնք վերաբերում են ԱԺ նորմալ աշխատանքին՝ արդյունքում առաջարկելով նիստն այնպես նշանակել, որպեսզի այն չխանգարի ԱԺ աշխատանքին։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարել է, որ պաշտպանության կողմը օգտվել է առիթից եւ նոր միջնորդություն է ներկայացրել, ինչն անելու իրավունք չուներ։ Փաստաբան Սահակյանը հիշեցրել է, որ ԱԺ նիստն ընթանում է, եւ յուրաքանչյուր րոպեն ոտնահարում է նրա՝ որպես պատգամավորի իրավունքն ու պարտականությունները, դրա համար այժմ խնդրում է դիտարկել նիստը տեղափոխելու միջնորդությունը, իսկ հետո արդեն՝ ավելի վաղ՝ Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրածը ՍԴ դիմելու մասին։ Լուսինե Սահակյանը խնդրել է տեխնիկական ընդմիջում՝ գործընկերների հետ քննարկելու համար։ Դատարանը կարճ ընդմիջում է հայտարարել։ Ընդմիջումից վերադառնալով՝ Օրբելյանը դատավորից խնդրել է միջնորդության վերջնամասին ծանոթանալու հնարավորություն, որպեսզի պարզի, թե արդյոք ա՛յն միջնորդությունն է քննարկվում։ Պարզվել է, որ փաստաբանը խոսում էր այլ միջնորդության մասին։ «Ամբողջ ասվածը ես կկրկնեմ այլ միջնորդության քննարկման ժամանակ»,- խոստացել է Օրբելյանը։ Խոսելով քննարկման առարկայի՝ անձեռնմխելիության հաղթահարման մասին՝ փաստաբանը պաշտպանեց նաեւ այդ միջնորդությունը ՍԴ դիմելու մասին։ Լրացնելով ավելի վաղ ներկայացրած իր միջնորդությունը՝ Լուսինե Սահակյանն ընդգծել է դատարանի միջամտությունը Արմեն Գեւորգյանի աշխատանքին որպես պատգամավորի, ԵԽԽՎ-ում աշխատանքն արգելելուն ոչ միայն անձնական, այլեւ հեռակա մասնակցությամբ, երբ նիստերը համընկնում են դատական նիստերին։ Դատախազները դեմ են արտահայտվել միջնորդությանը՝ քննարկումը ժամանակավրեպ համարելով։  Կողմերին լսելով՝ դատավորը գնել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունվարի 19-ին՝ ժամը 17:30-ին։

Ն. Պ.

 

 

 

ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ԿՆՈՋ

Հունվարի 13-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի հասցեներից մեկում ծեծի են ենթարկում մի կնոջ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժող կինը հաղորդում է տվել, որ ժամը 20.50-ին գրասենյակ եկած 44-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել իրեն եւ վնասել գրասենյակի գույքը: Ժամը 22.00-ին 44-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տեւական ժամանակ ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ եւ խաթարել բաժնի բնականոն աշխատանքը: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ  եւ 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին եւ ձերբակալվել։ Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՐԴԵԼՈՒ ԴԵՊՔ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպք: Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ կապ հաստատելու փորձերը՝ նրանց շրջանում խուճապ տարածելու եւ կամ վերջիններից տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Հերթական դեպքում կեղծանվան տակ գրանցված թելեգրամյան օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձեւավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ վիճակում նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց մեջ վարված հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ՝ խոստանալով նաեւ վճարել մատուցած ծառայությունների դիմաց՝ նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով:  ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաեւ արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Ադրբեջանագետը մեղադրվում է քրեական օրենսգրքի 137.1 2-րդ մասով՝ ծանր վիրավորանքը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։ Իսկ ի՞նչ է արել ադրբեջանագետը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 7-ին սոցիալական ցանցի իր էջում  գրառում է կատարել` Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից մեկ բառ եւ այն որպես մեկնաբանություն ՔՊ վերնախավի լուսանկարի հետ: Եվ այստեղ իրավաբանները հետաքրքրիր հարց են բարձրաձայնում, որ փաստացի լուսանկարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավն է, սակայն որպես վիրավորանքի հասցեատեր է համարվել Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾԻ ԳՈՐԾԸ

Ադրբեջանական գերությունից վերադարձած եւ կալանավորված Արտյոմ Մանասյանի եւ մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է նրա փաստաբան Ալեքսան Թումասյանից։ Նրա խոսքով՝ գործն այս պահին դատախազությունում է, սակայն դատարան ուղարկելու մասին տեղեկություն դեռեւս չունեն։ Փաստաբանի խոսքով՝ Արտյոմ Մանասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական ծառայության կանոնները խախտելու համար) հատկանիշներով։

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ

Բժիշկ Արմեն Չարչյանի առողջությունն իսկապես քայքայվել է այս ժամանակահատվածում. դեռ այնքան չի ապաքինվել, որ առօրյա աշխատանքային ռեժիմի մեջ լինի, բայց մեծ հույս ունենք, որ առաջիկայում կտեսնենք նաեւ ԱԺ աշխատանքներին մասնակցելիս: Այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: Հարցին, թե պատրաստվում են արդյոք իրավական գործընթաց սկսել Ա. Չարչյանին ոչ հիմնավոր ազատությունից զրկելու, սրտի կաթվածի հասցնելու համար, Վարդեւանյանը դրական պատասխան տվեց. «Միանշանակ: Ես վստահ եմ՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը եւս այդ հարցով հետեւողական է լինելու, նաեւ մեր կողմից հարձը մշտապես բարձրաձայնվելու է: Պատգամավորների այդ կալանավորումները երբեք չի կարող ընկալվել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների կողմից»,- ասել է նա:

 

 




Լրահոս