ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ՏԻԿՏՈԿԵՐՆԵՐԻ ԹՈՓ ՀՆԳՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու տարի է, ինչ մեր կյանք է ներխուժել եւ մեր առօրյայի մի մասն է դարձել TikTok  սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ եւ հաղորդագրություններ փոխանակել։

 

Տիկտոկը գրասենյակներ ունի  աշխարհի տարբեր երկրներու, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Դուբայում, Մումբայում, Ջակարտայում, Սեուլում եւ Տոկիոյում։

Այս պահին հավելվածից օգտվում են ավելի քան 1 միլիարդ օգտատեր:

Տիկտոկյան կյանքից զերծ չենք եւ բավականին մեծ ակտիվություն ենք  ցուցաբերում նաեւ մենք:

ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է հայ հայտնի տիկտոկերների թոփ հնգյակը, ովքեր ունեն  հետեւորդների բանակ եւ իրենց ֆինանսական աղբյուրը հենց տիկ-տոկն է:

Առաջին հորիզոնականը ներկայացնում է դերասանուհի Մագա Հարությունյանը, ով առավել հայտնի դարձավ Տիկտոկ հարթակում իր կրեատիվ տեսանյութերով: Նա ունի ավելի քան 399 հազար հետեւորդ: Ավելի վաղ Մագան մեզ հետ զրույցում ասել էր, որ  ամսական եկամուտը կարող է կազմել մինչեւ  2,5 միլիոն:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է 31-ամյա Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանը՝ Չուչի Շուշին, հայ իրականության մեջ առաջիններից էր, ով համացանցում սկսեց ներկայացնել իր ընտանեկան իրական կենցաղը: Նա ունի 148,3 հազար հետեւորդ:

Քինգ Ռուզին հայտնի դարձավ հենց Տիկտոկ հարթակից: Նրան հետեւում է ավելի քան 83 հազար 5 հարյուր մարդ: Նա ամսական վաստակում է 2 միլիոն դրամ:

«Անկեղծ նման որոշում կամ նպատակ ի սկզբանե չեմ ունեցել եւ երբեք խնդիր չեմ դրել ինքս իմ առաջ, որ անպայման պետք է դառնամ հայտնի տիկտոկեր: Տիկտոկ սոցիալական էջից առաջ ունեի մեկ այլ էջ, որտեղ կրկին տեղադրում էի վիդեոմյուզիքներ ինքս իմ հաճույքի համար, հետո, երբ բացվեց Տիկտոկ էջը, նույն վիդեոների նման վիդեոներ սկսեցի նկարել եւ նույնպես այնտեղ էլ դնել, հետո հասկացա, որ մարդկանց շատ են հետաքրքրում իմ վիդեոները, նկարները, այն ամենը, ինչ որ ես անում եմ Տիկտոկում, եւ սկսեցի ավելի լուրջ զբաղվել դրանով: Սա ինձ համար սիրողական զբաղմունք է: Սոցկայքերից դուրս ես նույնպես ավելի հետաքրքիր կյանք եմ տեսնում, բայց Տիկտոկ ու Ինստագրամ սոցէջերն արդեն իմ ֆինանսական աղբյուրի մի մասն են կազմում: Ամսվա կտրվածքով իմ եկամուտը կարող  է հասնել մինչեւ 2 միլիոնի: Սովորել եմ Անգլիայում բիզնես մարկետինգ, գրաֆիկ դիզայն, բայց այս փուլում  դեռ լրջորեն չեմ զբաղվում իմ հիմնական մասնագիտություններով, ինձ դուր է գալիս իրականում զբաղվել միանգամից մի քանի գործով, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, ես այդպիսին եմ»,- այս մասին ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Ռուզին:

Այնուհետեւ Գրետա Թադեւոսյանն է, ով ունի 89,9 հազար հետեւորդ:

Հնգյակը եզրափակում է տիկտոկեր Հայկ Մկրտչյանը, ով ունի 48,2 հազար հետեւորդ: Նա իր տեսանյութերի միջոցով անդրադառնում է տարբեր թեմաների:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ռ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, համերգ կնվիրի կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Որպես մենակատար երեկոյին հանդես կգա քանոնահար Մարիաննա Գեւորգյանը։

 

Համերգը տեղի կունենա հունվարի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Ռուբեն Ալթունյանի եւ Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։

Մարիաննա Գեւորգյանը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է եւ վերջերս դարձել է Global Cultural Initiative World Folk Vision համաշխարհային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիր «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը։ Տաղանդավոր երաժիշտը 115 երկրի 3950 մասնակցների մեջ արժանացել է «Գրան-պրի» մրցանակին։

Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939 թվականին: 1965-ին արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969-ին՝ ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական 2-րդ մրցույթի 2-րդ մրցանակին: 1987-90 թվականներին եղել է Հայաստանի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թվականներին` Գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում: Հեղինակել է բազում ստեղծագործություններ: 1983 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001-ին` ՀՀ պետական մրցանակի, 2009-ին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կոմպոզիտորը մահացել է 2021 թվականին:

 

 

 

ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Առաջին անգամ դահուկավազքի Հայաստանի առաջնությունն ամենաբարձր վարկանիշային միավորներն էր տալիս: Առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր «Պեկին-2022»-ի համար: Մեր մարզիկները բարելավեցին իրենց արդյունքները: Առաջիկայում կհայտարարենք, թե ովքեր են մասնակցելու Պեկինի օլիմպիական խաղերին: Այս մասին ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որն այժմ Իտալիայում է: Հունվարի 13-15-ը Աշոցքում անցկացվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով հայ դահուկորդները բարելավեցին իրենց վարկանիշային միավորները: 3 մրցատարածություններում տղամարդկանց եւ կանանց պայքարում Հայաստանի չեմպիոններ դարձան Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը:

10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ, արագավազք 1.1 կմ դասական ոճ՝ Միքայելյան Միքայել (Աշոցք),

5 կմ ազատ ոճ, 5 կմ դասական ոճ, արագավազք 1.1 կմ դասական ոճ՝ Գալստյան Կատյա (Աշոցք):

 

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԿԱՐԻԵՐԱՆ

Պորտուգալիայի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի The Best հատուկ մրցանակին արժանանալուց հետո նշել է, որ 4 կամ 5 տարի էլ դեռ կշարունակի կարիերան։ Ռոնալդուն մրցանակը ստացել է 2021-ին հավաքականների մակարդակում 115 գոլով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ։ Նա գերազանցեց Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեիի ռեկորդը՝ 109 գոլ։ «Ես հպարտ եմ լինել բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հավաքականների խաղացողների մեջ։ Ես դեռ պահպանում եմ կիրքը ֆուտբոլի եւ գոլ խփելու նկատմամբ։ Ես խաղում եմ ֆուտբոլ հինգ տարեկանից։ Նույնիսկ մարզումների ժամանակ ունեմ մոտիվացիա։ Շուտով կդառնամ 37 տարեկան, բայց ես ինձ լավ եմ զգում։ Շարունակում եմ համառ աշխատանքը, քանի որ սիրում եմ ֆուտբոլը։ Մտադիր եմ եւս չորս կամ հինգ տարի խաղալ։ Եթե դուք լավ եք վերաբերվում ձեր մարմնին, այն անհրաժեշտ պահին վարձահատույց կլինի»,- ասել է Ռոնալդուն:  The Best-ի քվեարկությունում Ռոնալդուն գրավել է 7-րդ տեղը։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։




Լրահոս