ՔԿ-ում տեղի է ունեցել ծառայողների պարգևատրման արարողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեում կայացած կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում, նախորդ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, տեղի է ունեցել «Տարվա քննիչ» և «Տարվա ստորաբաժանում» պարգևների հանձնման և Կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրման արարողություն:

Մինչ արարողության մեկնարկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացակարգերն ու արձանագրումներն է ներկայացրել Կոմիտեի նախագահի տեղակալ, հիշյալ հանձնաժողովի նախագահ Արթուր Մելիքյանը՝ ընդգծելով, որ տարվա ստորաբաժանումներին և քննիչին պարզելու աշխատանքները նպատակ ունեն խթանել Քննչական կոմիտեում աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև՝ պատշաճ գնահատականի արժանացնել վերջիններիս մասնագիտական գործունեությունը:

Այնուհետև կազմակերպվել է պարգևների հանդիսավոր հանձնումը: «Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ՀԿԳ քննիչ, առաջին դասի խորհրդական Արտակ Հախինյանը, «Տարվա ստորաբաժանում» են ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունն ու Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը:

Հավելենք, որ «Տարվա ստորաբաժանում» ճանաչված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը պարգևատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով, Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հրաչյա Ղազարյանը՝ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով, իսկ տվյալ ստորաբաժանումների ողջ անձնակազմերը՝ դրամական խրախուսանքով:

2021 թվականին բարձր ցուցանիշներ ապահովելու համար Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության ՀԿԳ ավագ քննիչ Անդրեյ Բաբայանը և Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Հակոբջանանը պարգևատվել են «Լավագույն քննիչ» կրծքանշանով:




Լրահոս