ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին ծանուցագրերն արդեն ուղարկվել են նրանց եւ տեղադրվել են նաեւ azdarar.am կայքում:
Իսկ ինչ է պարզվել. դեռ 2020 թվականին Ոստիկանությունից հայտնել էին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նակին տնօրենը 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր՝ մի շարք խախտումներով՝ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո:
Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց Արտակ Յայլոյանին, որը մեզ փոխանցեց, որ դեռևս 2019 թ-ից քրեական գործ էր հարուցվել յուրացման հատկանիշներով, սակայն 3 տարվա ընթացքում նույնիսկ 1 դրամի յուրացում չի հիմնավորվել և գործը դեռ գտնվում է քննչական մարմնում:
Ն.Հ.