Սահմանապահ Բերդավանում էներգախնայող համակարգի հերթական հատվածն է գործարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ՝ 2016 թվականից, սահմանապահ Բերդավանի փողոցներում էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքներ են իրականացվում: Փուլային սկզբունքով, յուրաքանչյուր տարի, գյուղում ավելանում է լուսավորված փողոցների թիվը: Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելու մոտեցումը սկզբունքային է Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Տարիների գործընկերները, սահմանապահ Բերդավանում ավարտին են հասցրել ծրագրի հերթական փուլը:

Մինչև 2019 թվականը, գործընկերները տեղադրել են 325 LED-լուսարձակ՝ էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորելով 10,5 կմ ճանապարհահատված: 2020-21 թվականներին որոշակի ներդրում է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը: էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 115-ով, ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի՝ 4,5 կմ երկարությամբ հատված: Միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2021 թվականներին տեղադրվել է 440 LED-լուսարձակ՝ լուսավորելով 15կմ երկարությամբ ճանապարհ: Արդյունքում՝ լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Այսպիսին է Բերդավանում՝ Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերության ամփոփ պատկերը:

Համակարգի հերթական հատվածի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և համայնքի բնակիչներ:

«Դարձյալ Բերդավանում ենք՝ իրականացված հերթական աշխատանքը գնահատելու համար: Մեզ համար այդ գործընթացն ավարտվում է լուսավորված նոր փողոցներ տեսնելով և շրջայցով, իսկ գյուղի համար այդ արդյունքը երկարաժամկետ է: Մենք տեսնում ենք ծրագրի էմոցիոնալ կողմը՝ մարդկանց գոհունակությունը, իսկ բնակիչները՝ ռացիոնալ կողմը. Էներգախնայողությունը, անվտանգ քայլելու հնարավորությունը և այլն: Հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերի համար սա կարևոր ծրագիր է: Ու նաև դա է պատճառը, որ մենք հետևողական, ամենամյա ջանքերով փորձում ենք նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բերդավանը Հայաստանի սահմանապահ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակերի բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։ Գյուղում արդեն իսկ գնահատել են համակարգի արդյունավետությունն ու կարևորությունը: Թեթևացել է համայնքի ֆինանսական բեռը. LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար և սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Լուսավորության խնդրի կարգավորման շնորհիվ, լուծվել են նաև օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու և երթևեկելու խնդիրները, ինչը չափազանց կարևոր է աշխարհագրական նման դիրքով գյուղերի համար:

Սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները, «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդյունավետ գործընկերություն են ծավալվում 2015թ.-ից սկսած: Արտաքին լուսավորության համակարգ կառուցելուց բացի, այստեղ իրականացվել են նաև այլ ծրագրեր. գյուղի մանկապարտեզն ու երաժշտական դպրոցն ապահովել են ջեռուցման՝ արևային համակարգերով:




Լրահոս