
Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Դովիլ քաղաքում շարունակվող դպրոցականների 19-րդ Համաշխարհային գիմնազիադայի ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում։
80 կգ քաշային կարգում հայ մարզիկը նախ հաղթել է ալժիրցի Մոհամեդ Չիխաբին, թուրք Էյուպ Չեթինին և ռումինացի Իոան Կիրիկային։ Իսկ եզրափակչում նա առավելության է հասել ղազախ Ասխաբ Հաջիևի նկատմամբ: Այս մասին հայտնում է Համաշխարհային գիմնազիադայի պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականը վաստակել է նաև 2 բրոնզե մեդալ, որոնք նվաճել են ձյուդոիստ Էլիզա Ադամյանը (48 կգ) և բռնցքամարտիկ Ոսկան Ոսկանյանը (57 կգ)։
Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված է 4 մարզուհի և 22 մարզիկ, որոնք մասնակցում են նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի, թաեքվոնդոյի և սեղանի թենիսի մրցումներին։