ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են օրենսդրության պահանջներին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանության ուսումնասիրությունները:
Այդ շրջանակում ստուգվել է նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշման օրինականությունը:
Արդյունքում՝ պարզվել է, որ 2020թ. հունիսի 23-ից ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գ. Գևորգյանը պատիժը կատարելու համար տեղաբաշխվել է «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ուղղիչ հիմնարկ և կրել պատժի մեկ երրորդից ավելին: 2022թ. հունվարի 20-ին նա դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ, ինչի հիման վրա ՔԿՀ պետը միջնորդագրով
դիմել է Տեղաբաշխման հանձնաժողովին:
Տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշմամբ, սակայն, խնդրանքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ պատիժը կրելու ընթացքում վերջինս բավարար մասնակցություն չի ունեցել վերասոցիալականացման աշխատանքներին: Հանձնաողովը հաշվի է առել նրա չաշխատելու հանգամանքը և գտել, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը դեռևս նպատակահարմար չէ:
Ուսումնասիրելով Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման որոշումը, նյութերը և դատապարտյալի անձնական գործը՝ դատախազությունը գտել է, որ այն հակասում է գործող օրենսդրությանը: Մասնավորապես՝ հանձնաժողովը պատշաճ գնահատական չի տվել դատապարտյալի անձին՝ նախկինում դատապարտված և արատավորված չլինելու հանգամանքներին: Բացի այդ, պատիժը կրելն սկսվելուց գրեթե մեկ ամիս անց նրա մոտ նկատվել է վարքագծի դրական տեղաշարժ, որը կրել է շարունակական բնույթ. նա ընդգրկվել է ՔԿՀ-ում իրականացված համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտությունի, դեկորատիվ կիրառական արվեստի դասընթացներին և ստացել հավաստագիր, մասնակցել է ՔԿՀ-ում անցկացված շախմատի, շաշկիի, սեղանի թենիսի, բիլիարդի առաջնություններին, ընդգրկվել մարզական ինքնագործ միավորման կազմում:
Բացի այդ, ՔԿՀ-ն ևս տվել է դրական բնութագիր՝ արձանագրելով, որ Գ. Գ.-ն դրսևորում է դրական վարքագիծ, նրա ուղղման գործընթացում առկա է դրական դինամիկա, կատարած հանցագործության համար զղջում է, ընդունում է մեղքը, պատիժը կրելու ընթացքում բացասական (ռիսկային) հաշվառումների չի վերցվել:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատախազությունը որոշմամբ միջնորդել է տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին իր որոշումը։
Չնայած տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ մերժել է միջնորդությունը, սակայն Գլխավոր դատախազությունը հանձնաժողովին կրկին համանման միջնորդություն է ներկայացրել: