Վարչապետն էլի դասախոսություն է կարդացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված եռօրյա գիտաժողովի բացմանը:Ինչպես armlur.am -ին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` վարչապետը նշել է, որ դրա անցկացումը կարեւոր է մի քանի հանգամանքնեռրից ելնելով. «Կարծում եմ՝ սա կարեւոր փորձ է համախմբելու աշխարհի տարբեր համալսարաններում հետազոտություններ իրականացնող հայ տնտեսագետներին, ձեւավորել հայկական տնտեսագիտական մտքին հետաքրքրող թեմաներն ու հարցերը՝ մեզ մտահոգող տնտեսական խնդիրների շուրջ   հետազոտական աշխատանքներ ու քննարկումներ ծավալելու համար: Այդ առումով, կարեւոր է ունենալ մի հարթակ, որտեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կձեւավորվեն լուրջ եզրակացություններ ու առաջարկություններ: Կառավարությունը շահագրգռված է այսպիսի հարթակի հետ համագործակցության համար, քանի որ այսօր գործադիրի առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ, որոնց լուծումներն առաջին հերթին պահանջում են մասնագիտական մոտեցումներ»:Այնուհետեւ կառավարության ղեկավարը ներկայացրել է համաշխարհային տնտեսությունում առկա միտումները: Նշելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսագետները դեռեւս պատրաստ չեն հստակ ձեւակերպումներ տալ, թե ինչպիսին է ներկայում ձեւավորված տնտեսական վիճակը, ինչպիսին է լինելու հնարավոր ճգնաժամի ալիքը, որոնք են լինելու դրա շարժիչ ուժերն ու լուծումները, Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ առումով անհրաժեշտ է միասնական կերպով քննարկել, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ հնարավոր ռիսկերն ու խնդիրները  լուծելու համար: «Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր Էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար»,- ասել է նա:Գիտաժողովին մասնակցում են տնտեսագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:




Լրահոս