ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ՝ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառվա շոգը թելադրում է ապրելու իր կանոնները: Ամառային կենցաղի հետ կապված անվտանգության կանոնները բազմապիսի են` հակահրդեհային, առողջապահական, նաեւ, իհարկե, իրավական: Շոգերի սաստկացման հետ աճում է անտառածածկ տարածքների հրդեհների հավանականությունը, չորային եղանակի պայմաններում վտանգված են նաեւ շենք-շինությունները, շոգը որոշակի բարդություններ է առաջացնում առողջության պահպանման հարցում: Ցածրադիր վայրերի անտանելի շոգից կարծես հալչում է ամեն ինչ, ու նաեւ մարդկանց զգոնությունը, իսկ սա արդեն մեր թեման է:

 

Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, եւ պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տեւական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է: Փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են գործը գլուխ բերելու համար: Կարելի է խնդրել հարեւաններին ուշադիր լինել եւ երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն: Տանը մի՛ թողեք փող ու թանկարժեք իրեր, մի՛ կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն: Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու: Չմոռանաք նաեւ, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները:

Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն եւ մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Նման հանդուգն գողերը շատ չեն, եւ նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը:

Ամառային մեկ այլ վտանգ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Մեկ-երկու օրով հանգստի գոտի մեկնողերի զգոնությունն էլ պետք է տեղում լինի: Այո, կարող է մղում լինել րոպե առաջ հասնել Սեւան ու մտնել ջուրը: Ոստիկանությունը հորդորում է հինգ րոպե ուշ հասնել, բայց հասնել: Հիշեք, որ ծանր հետեւանքներով վթարների զգալի մասը արագության գերազանցման հետեւանք են ու ոչ միայն:

Ոստիկանությունը կտրականապես եւ հետեւողականորեն հորդորում է թեկուզ քիչ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել: Խնդրում ու պահանջում ենք միշտ հիշել, որ մեքենա վարելը հսկայական պատասխանատվություն է նաեւ մտերիմների ու հարազատների հանդեպ: Մի հորդոր էլ այդ մտերիմներին ու հարազատներին. թույլ մի՛ տվեք, որ մեքենան վարեն ալկոհոլ օգտագործած վիճակում:

Եվ դարձյալ ալկոհոլի մասին. յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում… Ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեեւ որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան եւ հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի արդյունք են: Մարմնական վնասվածքներ, հիվանդանոց ու ոստիկանություն տեղափոխված անձինք, այնինչ մեկնել էին առօրյա հոգսերից կտրվելու, զվարճանալու, զովանալու նպատակով:

Դեպքերի նվազումն, իհարկե, պայմանավորված է նաեւ հանգստի ակտիվ գոտիներում ոստիկանների ամենօրյա ու շուրջօրյա ծառայությամբ: Այդպես կլինի նաեւ այս տարի, բայց հորդորում ենք լինել հանդուրժող, հարգել մեկմեկու իրավունք եւ չմոռանալ հանգստի գոտի մեկնելու նպատակը, որի մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում վեճն ու կռիվը:

Ն.Պ.

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ՝ Team-Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

«ՀԱՅԱ» երաժշտական փառատոնի շրջանակներում Երեւանն այս ամառ կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր 50 Cent-ին, ZAZ-ին եւ Led Zeppelin Symphonic-ին։

Փառատոնի գլխավոր գործընկեր Team Telecom Armenia-ն հատուկ իր բաժանորդների համար հայտարարել է 30% զեղչ մինչեւ հունիսի 24-ը այս համերգներից որեւէ մեկի տոմսը ձեռք բերելու համար։

Առաջարկից  օգտվելու համար ընկերության բաժանորդները պետք է 4545 կարճ համարին SMS-ով ուղարկեն «Team» բառը, որից հետո ստացած պրոմո կոդը մուտքագրեն www.haya.am կայքում՝ իրենց նախընտրած համերգի Team promo code-ով նշված տոմսի բաժնում:

Նշենք, որ մեկ հեռախոսահամարից հնարավոր է ստանալ միայն մեկ պրոմո կոդ եւ, հետեւաբար, գնել միայն մեկ տոմս։

Ուշադրություն. SMS-ն անվճար է, սակայն պրոմո կոդը ստանալու համար հաշվեկշիռը պետք է լինի դրական։

Այլ մանրամասների ծանոթանալու համար կարող եք այցելել www.telecomarmenia.am կայք, գրել հաղորդագրություն Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ Team-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններ։

ZAZ-ի, 50 Cent-ի եւ Led Zeppelin Symphonic-ի համերգները տեղի են ունենալու համապատասխանաբար հունիսի 25-ին, հուլիսի 1-ին եւ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում։

 

 

 

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ՝ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ամառային սեզոնն ազդարարում է նաեւ տարբեր էքսկուրսիաների մեկնարկը, եւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները, ստացվող ահազանգերը, ինչպես նաեւ թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով հորդորում է սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի քանի պարզ կանոններ։ Եթե որոշել եք սննդամթերքը վերցնել ձեզ հետ, ապա ընտրեք իրացման ցանցից գնված թարմ, պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք, պահեք փակ տարաներում, առանձնացրեք հում սննդամթերքը եփվածից: Կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք եւ այլն) անպայման պահեք ջերմաստիճանային ճիշտ պայմաններում` սառնարան-պայուսակներում (-2 – +4), իսկ կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվե՛ք: Խուսափե՛ք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ: Մթերքները մի՛ գնեք փողոցից, այդ դեպքում դրանք ի սկզբանե անվտանգության խնդիրներ կունենան: Մրգերը, բանջարեղենը, հատապտուղներն օգտագործելուց առաջ լվացե՛ք խմելու հոսող ջրով, եւ ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ խաչաձեւ աղտոտումից՝ ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց խուսափելու նպատակով օճառով լվացե՛ք ձեռքերը, պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել այս կանոնները թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

 




Լրահոս