ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել: Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդները պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները հրաժարվում են սպասարկել գործանարային բալոն ունեցող մեքենաներին:
«Ժողովուրդը» օրաթերթը գազաբալոնների լցաճնշակայաններից տեղեկացավ՝ պատճառն այն է, որ գործարանային բալոնների վրա փորձաքննության ենթարկելուց հետո նոր փականներ կամ այլ դետալներ դնելու խնդիր է առաջանում, քանի որ դրանք հատուկ արտադրության են:

Ու քանի որ լցաճնշակայաններում հիմնականում միատեսակ ու, այսպես ասած, ունիվերսալ դետալներ են կիրառվում, ապա գործարանային բալոնների համար լուծումներ գտնելը բարդ է, ավելի ճիշտ՝ անհնարին: Խնդրին Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են ու վստահեցնում են՝ առաջիկա օրերին նախարարությունն իր հարկի տակ կհավաքի վկայագիր տրամադրող բոլոր ընկերություններին՝ հասկանալու՝ հարցին ինչ լուծում տալ:

Նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանն է վստահեցնում. «Այո, նման խնդրի մենք էլ ենք ծանոթ ու այժմ մտածում ենք՝ ինչպիսի լուծումներ գտնել, ինչ անել: Առջիկա օրերին, կարծում եմ, լուծումներ կլինեն»:

Գազաբալոնների վկայագրման օրենքը, հիշեցնենք, օգոստոսի 1-ից է ուժի մեջ մտնում, ու համաձայն դրա` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել: Ստացվում է՝ պարտաճանաչ վարորդը, որի մեքենան գործարանային արտադրության գազաբալոն ունի, վաղը, մյուս օրը գազ լիցքավորել չի կարողանալու զուտ այն պատճառով, որ վկայագիր տրամադրող կայանները սպասրակելուց հրաժարվել են: Եվ, փաստորեն, օրենքի թերի կարգավորումն ու դրա կիրառման հետ կապված խնդիրները ոչ միայն գլխացավանք են ստեղծելու վարորդների համար, այլ հավանական վեճերի պատճառ են դառնալու վարորդների ու գազալցակայանների աշխատակիցների միջեւ:

Սա իշխանությունների հերթական անկատար ու թերի օրենքն է, ինչը գործի դնելուց հետո մեկ էլ պարզվում է, որ այն քաղաքացիներին խառնաշփոթի մեջ է գցում ու վեճի առարկա դառնում դրա շահառու քաղաքացիների համար: Տարաբնույթ օրենքներ մշակող իշխանավորները, ինչքան էլ հավատացնեն, թե մարդու շահերից բխող նորմեր են բանեցնում, ճիշտ կանեն ամեն ինչ բոլոր կողմերից ուսումնասիրեն, ապա նոր միայն օրենքը մարդկանց վզին փաթաթեն:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս