Հուլիսի 19-ին դերասանուհի, երգչուհի Լիլիթ Բադանյանը նշել է ծննդյան 28-ամյակը: Լիլիթը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է տարեդարձի մանրամասների մասին:
«Առավոտյան սկսել եմ շատ բարձր տրամադրությամբ, քանի որ վերջին «Մենախոսություն» տեսահոլովակիս հետ կապված հեռուստաընկերություններից մեկում հյուր էի, հետո՝ նկարահանումների, եւ արդեն երեկոյան ընկերներս ինձ համար պատրաստել էին անակնկալ, եւ մենք միասին շատ լավ ժամանակ անցկացրինք: Ի դեպ, նշեմ, որ այս տարի որոշել էի տարեդարձս մեծ չնշել եւ հատուկ խնջույք չկազմակերպել, բայց այնպես ստացվեց, որ ընկերներս թույլ չտվեցին, որ առանց նշելու անցնի ծնունդս»,-ասաց նա:
Լիլիթի խոսքով՝ տարեդարձն իր սպասածից շատ լավ է անցել՝ լի ընկերների ջերմությամբ ու սիրով. «Այս տարեդարձս իսկապես շատ լավ անցավ, լիքը անակնկալներ եղան, լիքը նվերներ չսպասված մարդկանց կողմից, ինչն ինձ համար իրոք հաճելի էր: Անկեղծ կլինեմ. ես առավել շատ ուրախանում եմ, որ հենց նվեր եմ ստանում, այլ ոչ թե այն լինում է գումարի տեսքով, քանի որ նվերն արդեն անակնկալ է, իսկ գումարն ինձ համար անհետաքրքիր է»:
Դերասանուհու ամենամեծ երազանքն է Հայաստանում եւ, առհասարակ, աշխարհում տեսնել խաղաղություն:
«Երազում եմ՝ գա մի օր, որ մարդիկ իրար սիրեն առանց պատճառի, եւ այնքան սիրեն, որ պատերազմներն անհնարին լինեն: Այս աշխարհում ես միայն մի բանից եմ վախենում՝ կորցնել ինձ համար ամենաթանկ մարդկանց, զգալ նրանց բացակայությունը, քանի որ մարդկային արժեքից վեր որեւէ բան ինձ համար չկա»,- հավելեց Լիլիթ Բադանյանը:
Հավելենք, որ ավելի վաղ Լիլիթ Բադանյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ հուլիսի 1-ին կայացել է դերասանուհու, արդեն նաեւ երգարվեստում հստակ քայլեր կատարող երգչուհու «Մենախոսություն» տեսահոլովակի պրեմիերան:
Մեր զրուցակցի խոսքով՝ տեսահոլովակի գաղափարն ու ոճն ի սկզբանե եղել է իրենը, իսկ պրեմիերային ներկա են գտնվել բացառապես նկարահանման անձնակազմը, մարդիկ, որոնք լիապես աջակցել են դրա կայացմանը։
Նշենք, որ «Մենախոսություն» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Գուրգեն Դարբինյանն է, գործիքավորումը Էմանուել Հակոբյանինն է, իսկ ռեժիսորը Հարություն Գեւորգյանն է:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ի՞ՆՉ ՆՎԻՐԵԼ ՄՏԵՐԻՄԻՆ
Ի՞նչ նվեր մատուցել մտերիմին. այդ խնդրին հետաքրքիր լուծում են առաջարկում հայ աստղերը: Պարզվում է` Հայաստանում կա հնարավորություն, որ կարող ես անակնկալ նվեր մատուցել հայտնի մարդկանց միջոցով: Նրանք գումարի դիմաց տեսաուղերձ եմ նկարահանում՝ քո ցանկալի տեքստով, եւ, վերջ, շնորհավորանքը պատրաստ է:
ArmLur.am-ը փոքրիկ շրջայց է կատարել՝ պարզելու համար, թե հայ հայտնիներից ով որքան գումարով է պատրաստ նման ծառայություն մատուցել:
Այսպիսով, շնորհավորանքի համար ամենաբարձր գինն առաջարկում է՝
l հայտնի բլոգեր Վիլլենա՝ 280.000 դրամ,
l երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյան՝ 150.000 դրամ,
l երգչուհի Նունե Եսայան՝ 100.000 դրամ,
l դերասան Հայկ Պետրոսյան՝ 100. 000 դրամ,
l երգահան Ռուբեն Հախվերդյան՝ 60.000 դրամ,
l դերասանուհի, ռադիոհաղորդվարուհի Մաշա Մաթեւոսյան՝ 59.000 դրամ,
l դերասանուհի Զառա Սահակյան՝ 50.000 դրամ,
l դերասանուհի Լիլի Մորտո՝ 50.000 դրամ,
l երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյան՝ 45.000 դրամ,
l երգչուհի Սոնա՝ 30.000 դրամ,
l երգչուհի Ջուս՝ 25.000 դրամ:
Բլոգեր Հարություն Գեւորգյանն ամենաէժան ծառայություն մատուցողն է. ընդամենը 5000 դրամով նա պատրաստ է շնորհավորել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՐԳԱԽՈՍ
2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսն արդեն հատնի է, այն է՝ «Խաղերը լայնորեն բացենք» (Let’s open the games wide)։ Այս մասին հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։ Այս կարգախոսը կօգտագործվի նաեւ 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ժամանակ: Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։
«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023» ԵՐԳԻՄՐՑՈՒՅ Թ
Եվրոպական հեռարձակողների միությունը եւ BBC-ն հաստատել են, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Միացյալ Թագավորությունում։ Նշենք, որ «Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիրը Ուկրաինան է. մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկրում է տեղի ունենում «Եվրատեսիլը», սակայն հաշվի առնելով պատերազմական իրավիճակը՝ այն կանցկացվի այլ երկրում։ Ուկրաինայի ներկայացուցիչը ելույթ է ունենալու եզրափակիչ համերգին։ US։PBC հեռուստաալիքի ներկայացուցիչները համագործակցելու են BBC-ի հետ մրցույթում ուկրաինական տարրեր ներառելու համար։
ԿՀՆՉԵՆ ՀԱՅԿՈՅԻ ԵՐԳԵՐԸ
Շուտով՝ օգոստոսի 25-ին, Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրո երգիչ Հայկոյին՝ Հայկ Հակոբյանին նվիրված համերգ: Համերգը կկայանա հենց երգչի ծննդյան օրը՝ օգոստոսի 25-ին, իսկ սեպտեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում:
Ինչպես հայտնում է ռեժիսոր, Հայկոյի մտերիմ ընկեր Հրաչ Քեշիշյանը, համերգին կհնչեն Հայկոյի երգերը, նրա կինոերաժշտությունը, մտքերն ու անսահման աշխարհը՝ հայտնի արտիստների մեկնաբանությամբ եւ մեծ նվագախմբի կատարմամբ։
Լ. Ե.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Ամերիկաբնակ երգչուհի Լուարա Հայրապետյանը, որը «Մանկական Եվրատեսիլ 2009»-ին ներկայացրել է Հայաստանը «Բարսելոնա» երգով, օրերս ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից: Ինստագրամյան իր էջում երգչուհին հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Ես գիտեմ՝ ինչ է սերը, քո շնորհիվ: Դու ինձ ամբողջացնում ես, ու ես չեմ համբերում կյանքիս մյուս մասն անցկացնել քեզ հետ։ 07.22.22` լավագույն ժամադրությունը»:
ՄԵՍԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին հույս է հայտնել, որ կատալոնական ակումբից անցած ամռանը Փարիզի ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կվերադառնա իսպանացի Չավիի գլխավորած թիմ։
«Իհարկե, ես ցանկանում եմ, որ Մեսին վերադառնա։ Նա արժանի է շքամուտքից հեռանալուն։ Պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն արժանի է «Բարսելոնայից» մեծ շուքով հեռանալուն»,- մեջբերում է արել Անսու Ֆատիին։ 35-ամյա Մեսիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում արդյունքները բարելավելու նպատակով մտադիր է մարզչական շտաբում ընդգրկել հոգեբանի։
Նախաձեռնությունը փարիզյան ակումբի նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսինն է։ ՊՍԺ-ում հույս ունեն հոգեբանի օգնությամբ խուսափել Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի 1/8 եզրափակիչում տեղի ունեցածից։
ՊՍԺ-ն տանը 1:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին», սակայն պատասխան խաղում պարտություն էր կրել 1:3 հաշվով։ Նախորդ 6 մրցաշրջանում ՊՍԺ-ն 4 անգամ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակիչում։