Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի՝ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով փորձագիտական եզրակացությունը մեկ ամիս առաջ է միայն ստացել ՀՀ քննչական կոմիտեն:

Մասնագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանել անվտանգության կանոնները: Իսկ ի՞նչ է եղել քննության ընթացքում։ Առեւտրի կենտրոնի աշխատակիցների պատմելով՝ իրենցից շատերին հրավիրել են հարցաքննության, եւ իրենք ղեկավարության դեմ որեւէ բան չեն խոսել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, առավելապես՝ իրենց բիզնեսը վտանգի տակ չդնելու համար:

Ասել է թե՝ աշխատակիցները վախեցել են դուրս գալ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Զախարյան նախկին պատգամավորի դեմ: Մեզ հասած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հրդեհից տուժած մի քանի տնտեսվարողներ են միայն պահանջատեր եղել իրենց իրավունքների հարցում: Նրանք քննիչին ասել են, որ ոչ մեկի դեմ ոչինչ չունեն, այլ իրենց կրած վնասի օրինական պահանջատերն են եւ լինելու են մինչեւ վերջ: Նրանց մեծ մասը մինչ օրս որեւէ տեսակի փոխհատուցում չի ստացել:

Ավելին՝ մեզ հասած հասած լուրերի համաձայն՝ մի քանի տնտեսվարողներ անցած տարի լքել են «Սուրմալու» առեւտրի կենտրոնը՝ հենց իրենց անվտանգությունը չպահպանելու հիմնավորմամբ: Նույնիսկ դրանից հետո Զախարյանները հետեւություններ չեն արել, անվտանգության որեւէ նորմ չեն պահպանել, էլեկտրական մի լարից մի քանի տասնյակ խանութներ են սնուցել, ծանրաբեռնել լարերը, ծառայության որեւէ տեսակի բարելավում չեն արել, անգամ քաղաքակիրթ զուգարաններ չեն սարքել խանութներում աշխատող ձեռներեցների համար:

Ինչեւէ, օգոստոսի 14-ի պայթյունից եւ հաջորդած հրդեհից մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն նոր է կարողացել ստանալ նախորդ տարի տեղի ունեցած հրդեհի բռնկման եզրակացությունը: Փորձաքննությունների ՊՈԱԿ-ը եւս անհասկանալի դանդաղկոտություն է դրսեւորել եւ շարժվել Զախարյանների շահը սպասարկելու ուղղությամբ եւ միայն օրերս գրանցված հրդեհից առաջ է տվել եզրակացությունը՝ հիմնավորմամբ, որ առեւտրի կենտրոնի ղեկավարությունը չի պահպանլ անվտանգության կաննոները: Արդեն պոտենցիալ պատժվողների ցանկն էլ է հայտնի:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Տիգրան Մուրադյանի վարույթում գտնվող գործով առաջիկայում առեւտրի կենտրոնի տնօրենն ու անվտանգության աշխատակիցը մեղադրյալի աթոռին կնստեն, ասել է թե՝ առեւտրի կենտրոնի սեփականատեր Զախարյանների փոխարեն կլինեն այս պատմության քավության նոխազները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե իր ստացած տեղեկությունները պարզելու նպատակով:

Ի պատասխան՝ մեզ հայտնեցին. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարի բռնկված հրդեհի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ առեւտրի կենտրոնում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության մի շարք նորմեր: Նախաքննությունը շարունակվում է»:

Ի՞նչ է ստացվում. 1 տարի 3,5 ամիս է անցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն, որ ղեկավար է փոխել, դեռ քննում է ու քննում հրդեհի գործը: Չպատժված հանցագործությունը ծնեց նոր, ավելի աղետաբեր հանցանք:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս