ՀԷՑ- ՓՈԽՏՆՕՐԵՆԸ` ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ քննչական վարչությունում «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նախօրեին տեղի ունեցած մասսայական խուզարկություններից հետո դեռ որեւէ մեկը չի ձերբակալվել: Ուշագրավն այն է, որ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ դուստր ընկերությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դեմ ՀՀ պետական բյուջե մոտ 1,9 մլրդ դրամ հարկ չվճարելու կապակցությամբ քրեական գործը հարուցվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՌԴ կատարած այցից հետո: Միանգամից ՀԷՑ բոլոր մասնաճյուղերում տեղի ունեցած խուզարկությունների ժամանակ ՊԵԿ քննչական վարչությունն առգրավել է ոչ միայն ՀԷՑ փաստաթղթերն ու համակարգիչները, այլեւ կնքել բոլոր պահեստներն ու մասնաճյուղերի տնօրենների ու հաշվապահների աշխատասենյակները: Նշենք, որ ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում ՀԷՑ-ը գտնվում է առաջին տասնյակում, սակայն ուշագրավն այն է, որ եթե 2009թ. այս ՓԲԸ-ն զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը, ապա 2010թ. այն զիջել է իր դիրքերը` հայտնվելով 8-րդ հորիզոնականում: ՀԷՑ իրացման գծով փոխտնօրեն Աշոտ Թոխունցի հետ զրուցեցինք հարուցված քրեական գործի մասին:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ՀԷՑ-երի դեմ քրեական գործ է հարուցվել` 1,9 մլրդ հարկ չվճարելու կապակցությամբ:
-Դա իմ ոլորտին չի առնչվում, դիմե՛ք մամուլի ծառայություն:
-Տեսակետ կա, որ թեեւ ժամանակին Գլադունչիկն էր ՀԷՑ ղեկավարը, հիմա` Եվգենի Բիբինը, սակայն իրականում Դուք եք ղեկավարում ՀԷՑ-երը, Դուք եք բոլոր հարցերը կարգավորում:
-Ես ունեմ ոլորտ, որով զբաղվում եմ, որի համար պատասխանատվություն եմ կրում, աշխատում եմ: Իսկ ինչ արվում է, այլ ոլորտի է առնչվում, իմ կոմպետենցիային չի վերաբերում:
-Այսինքն` Ձեր ոլորտի հետ կապված` հարկային մարմինները, հնարավոր է, չարաշահումնե՞ր հայտնաբերեն:
-Իմ ոլորտի հետ կապված խնդիրներ չկան:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք լուրերը, որ Դուք հեռագիր եք ուղարկել ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին` նախազգուշացնելով հնարավոր խուզարկությունների մասին:
-Ոչ մի հեռագիր չի եղել: Ի՞նչ հեռագիր: Ո՞վ ասել է ձեզ, թող տեքստը ցույց տա: Ինչպե՞ս կարելի էր դա կանխատեսել:
-Կա կարծիք, որ այս քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ ՀԷՑ-երը, բացի ՀՀ-ից, չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները նաեւ ՌԴ նկատմամբ:
-Հարկային, ֆինանսական դաշտն իմ ոլորտը չէ, դրա համար էլ չեմ կարող պատասխանել այդ հարցին:
-Այս ամենի համատեքստում ասվում է, որ Դուք ինքներդ էլ եք խառնված այս պատմություններին…
-Ասողը շատ սխալ է անում: Ես ընդհանրապես չեմ առնչվում այդ գործընթացին:
-Որ ստվերային գործարքները Ձեր միջոցով են կատարվում, Դուք եք հիմնական միջոցը:
-Նման բան գոյություն չունի: Ինչ ասում են, ինչ-որ մարդկանց ֆանտազիաների արդյունք են: Ես այս համակարգում աշխատում եմ 1996թ., երբ այսօրվա իշխանությունները չեն աշխատել: Էներգետիկ համակարգում, նախարարությունում այս ոլորտն եմ կանոնակարգել: Ես կապ չունեմ այսօրվա իշխանությունների հետ, ես ունեմ աշխատանք, ունեմ ոլորտ, որտեղ ծավալում եմ գործունեությունը:
-Ուղղակի ասվում է, որ առգրավված փաստաթղթերի մի մասը հենց Ձեզ է առնչվում: Եւ եթե լայնածավալ ձերբակալություններ լինեն այս ոլորտում…
-Ես ոչ մի բան չեմ կարող ասել:
-Այսինքն` բացառում եք, որ Դուք ու ՀԷՑ նախկին ու ներկա վերնախավը կհայտնվեք իրավապահների ուշադրության կենտրոնում:
-Այդ հարցն ինձ մի՛ տվեք, քանի որ ես տեղեկացված չեմ այդ հարցերից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս