ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում քննարկվել է ակադեմիական հիմքով տարկետում տալու նախագիծը. ԲՏՃՄ ուղղությունները կլինեն առաջնահերթ:

 

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարար Վահրամ Դումանյանը` նշելով, որ օրենսդրական փոփոխության առաջարկն անցել է հանրային քննարկումների տեւական փուլ, դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը կտրվի լիազորություն` սահմանելու բուհերի եւ մասնագիտությունների ցանկ, ըստ որի` սովորողները կստանան ակադեմիական տարկետում բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններում` բակալավրիատում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում:

«Սա առաջին հերթին վերաբերում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ ու գերակա ոլորտներին:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ բուհերի ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանելու է ՀՀ կառավարությունը` հաշվի առնելով պետության գերակայությունները»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Առաջարկվող երկրորդ փոփոխությունն առնչվում է ակադեմիական հիմքով տարկետման առավելագույն տարիքային շեմին: Ըստ այդմ` Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչեւ 28 տարեկանը` ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն:

«Այժմ զորակոչի տարիքը մինչեւ 27 տարեկանն է, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողներն ասպիրանտուրայի երկրորդ կուրսում արդեն իսկ  զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: Այս խնդիրն առաջացել է հանրակրթության տեւողության փոփոխության պատճառով: Հանրակրթության տեւողությունը նախկինում 10 տարի էր, այժմ դարձել է 12 տարի, ինչով պայմանավորված՝ կրթության ցիկլի տեւողությունը երկարաձգվել է, մինչդեռ 27 տարվա շեմը մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք ուսումնական հիմքով զորակոչից տարկետման իրավունքի տարիքային շեմը մեկ տարով ավելացնել եւ սահմանել 28 տարեկանը, որով կլուծվի խնդիրը»,- ասել է նախարարը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը:

 

 

 




Լրահոս