ԲԱԶՄԱԴՐՎԱԳ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում միացված վարույթով իրականացված քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը 2022թ. հունիսին ծանոթացել է հագուստի առքուվաճառքով զբաղվող մի ընկերության տնօրենի հետ եւ, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի նախագահ, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անձնավորություն, առաջարկել է նշված ընկերությանը պատկանող խանութից ձեռք բերել տարբեր տեսակի հագուստներ՝ գումարը հետագայում վճարելու պայմանով, ինչին ընկերության տնօրենը համաձայնել է: Չարաշահելով վերջինիս վստահությունը՝ հետագայում գումարները վճարելու կեղծ խոստումներով նա խանութից վերցրել է 3.148.800 ՀՀ դրամի հագուստ, սակայն որեւէ վճարում չկատարելով՝ խաբեությամբ հափշտակել է դրանք՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, հանդիսանալով հագուստի եւ ներքնազգեստի խանութների առքուվաճառքով զբաղվող ընկերության խանութների մշտական հաճախորդ, օգտագործելով բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու հանգամանքը, ծանոթ լինելով նշված ընկերության գլխավոր մենեջերի հետ՝ նույն անձը վերջինիս մոտ առաջացրել է վստահություն եւ հետագայում գումարներ վճարելու կեղծ խոստումներով 2020թ. մայիս ամսվա ընթացքում ընկերությանը պատկանող խանութներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.412.110 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի հագուստ, սակայն որեւէ վճարում չկատարելով՝ նա խաբեությամբ հափշտակել է նշված հագուստները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Պարզվել է նաեւ, որ նշված անձը 2018թ. ամռանը ծանոթացել է Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհու հետ, ում հայտնել է, որ հանդիսանում է «Արիս» բարեգործական հիմնադրամի հոգբարձուների խորհրդի նախագահ։ Վերջինիս մոտ առաջացրել է վստահություն եւ, Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մկրտություն կատարելու համար արծաթյա շղթաներ, խաչեր եւ այլ իրեր տրամադրելու անհրաժեշտության ներկայացմամբ, հիմնադրամում բարեգործական ներդրումներ կատարած անձանց ոսկյա զարդեր նվիրելու կեղծ պատրվակով, հիշյալ բնակչուհու տանը վերջինիս վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով նրանից ստացել ու հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.713.000 ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդեր, արծաթյա խաչեր, շղթաներ եւ այլ իրեր, այդկերպ Զովք գյուղի բնակչուհուն պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ) եւ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ անձն իր կողմից պատճառված վնասից վերականգնել է 1 900 000 ՀՀ դրամը: Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

 

 

 

 

ԱԱԾ-Ն ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս ս.թ-ի հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։

 

ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության եւ կառավարական կապի գլխավոր վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չնայած ծառայության տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռեւս շարունակում են ՀՀ քաղաքացիներին «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու եւ «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց իբրեւ թե մեծ եկամուտներ ստանալու վերաբերյալ տարբեր կայքերի եւ սոցիալական ցանցերի միջոցով իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ տեսանյութերի տարածելու գործընթացը։

Պարզվել է նաեւ, որ խարդախության հեղինակները փոխել են իրենց մարտավարությունը եւ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար, այս դեպքում որպես նախագծի հովանավորներ, հիշատակում են պետական պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, նախագահի եւ Ազգային ժողովի նախագահի անունները։

Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ է անում խուսափել եւ զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցության ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաեւ չտրամադրել անձնական եւ բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։

 

 

 

 

ՎԵՃ, ԿՐԱԿՈՑ, ՎՐԱԵՐԹ

Փետրվարի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում նոր հաղորդումներ ստացվեցին։ Հայտնում էին, որ Կիեւյան փողոցում մի տղամարդ «Օպել»-ն անկանոն է վարում, վրաերթի ենթարկված անձինք կան։ Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. վրաերթի ենթարկված 25 եւ 90 տարեկան երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Կիեւյան փողոցի ռեստորաններից մեկում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյել ու ծեծել իրար։ Մասնակիցներից 26-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակից կրակել էր, ապա նստել «Օպել»-ն ու սկսել անկանոն վարել՝ այդ ընթացքում վրաերթի ենթարկելով երկու կանանց, նաեւ բախվել էր մի «Մերսեդես»-ի։ Ըստ տեղեկությունների՝ նա վարելիս եւս ատրճանակից կրակել էր։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել է: Նա կալանավորվել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճ։ Հանգամանքները պարզվում են Արաբկիրի քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։

 

 

 

 

ԵՂԵԳՆԱՁՈՐՑԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Փետրվարի 11-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի եւ ազդրի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 32-ամյա 2 տղամարդ, երկուսն էլ՝ Գետափ գյուղի բնակիչ։

Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքն արագ արդյունք տվեց։ Նրանք հանցագործությունը բացահայտեցին ոստիկանության եւ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գիշերը Եղեգնաձորի Միկոյան փողոցի խանութներից մեկում տուժածներից մեկը եւ 38-ամյա մի տղամարդ վիճել են։ Միջադեպից մոտ 1 ժամ հետո նրանց միացել են այլ անձինք, եւ վիճաբանությունը շարունակվել էր Երեւան-Մեղրի ճանապարհին։ 38-ամյա եղեգնաձորցին բուժօգնության դիմած տղամարդկանց դանակահարել էր ու դիմել փախուստի։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 




Լրահոս