«Քուչի բազառ»` բախում հրահրող ոճ․ Դանիել Իոաննիսյանը՝ Արթուր Հովհաննիսյանի պահվածքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում տեղի ունեցած դեպքերին և գրել.

«Ես կդժվարանամ ասեմ, թե ով է ավելի հեռու մարդու իրավունքներից` ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը, թե ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Բայց ես չեմ կարող չասել, որ Ազգային ժողովում ելույթ ունեցող ցանկացած անձ իրավունք ունի հայտարարելու, որ «ռեժիմը հանցագործ է» կամ որ «խորհրդարանը ղեկավարում են խուլիգանները»։ Դրանք քաղաքական գնահատականներ են և անկախ դրանց հետ համաձայն լինելու կան չլինելու հանգամանքից, որևէ մեկը չի կարող արգելել ՄԻՊ թեկնածուին նման կարծիքներ արտահայտել (տես ՍԴՈ 997 որոշումը)։

Էլ ավելի անընդունելի է այդ արտահայտությունները պատճառ բռնելով մի խումբ ՔՊ-ականներով տապալել Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստը։
Ընդ որում, զավեշտալի է, որ ՔՊ խմբակցության քարտուղարը, ոչ միայն ինքն է անցնում արդեն կոնկրետ անձին (ՄԻՊ թեկնածուին) վիրավորելուն, այլև դժգոհում է հանձնաժողովի նիստի վարումից այն պայմաններում, երբ գլխավոր խանգարողը ու ամենաբարձր գոռացողը հենց ինքն է։

Մաչոյական սպառնալիքներն ու «քուչի բազառի»` բախում հրահրող ոճը վատագույն ձևն էր, որով ՔՊ խմբակցության քարտուղարը կարող էր ընդդիմանալ Էդգար Ղազարյանի քաղաքական հայտարարություններին։




Լրահոս