«Տաղ. հոգու ճանապարհ». նոր ֆիլմ՝ նկարահանված Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերածնունդ» հիմնադրամը Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանել է հոգևոր, երաժշտական «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը: Ֆիլմի գաղափարն Արտակ Ալեքսանյանինն է, գործադիր պրոդյուսերը «Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանն է:

Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, սցենարի համահեղինակն ու մենակատարը՝ Վահե Բեգոյանը: «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը հիմնված է 7 տաղերի վրա, որոնք ներկայացնում է մենակատար Վահե Բեգոյանը՝ գրաբարով: Ռեժիսոր Վահե Յանի խոսքով՝տաղերի հերթականությունն ընտրվել է ըստ Նարեկացու՝ տիրոջ երկրային կյանքի կարևոր իրադարձությունների պատումների: Բացի Նարեկացու 5 տաղերից, ֆիլմում ներառված է ևս 2 միջնադարյան տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» և «Մարիամ Մագթաղենացի», որոնց հեղինակներն անհայտ են: Դրանք գրի է առել Կոմիտաս վարդապետը:

Մենակատարից բացի ֆիլմում Նարեկացու յոթ տաղերը կարդում են յոթ հայտնի դերասաններ: Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը: Ֆիլմի ռեժիսորն ասում է, որ դերասանները կերպարներ չեն մարմնավորել, ընտրվել են ըստ տաղերի. «Գիտենք, որ Նարեկացին նաև միստիկ պոետ է, որով սկսվել է վերածնունդը հայ արվեստում ու հենց այս տաղերով, օրինակ «Աչքն ծով ի ծով»-ով: Դրանք ներկայացնելու համար պետք էին իսկապես խոսքի վարպետներ՝ մեծ փորձառությամբ, տաղանդով, հմտություններով: Դերասանների ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին տաղերն ըստ արժանվույն ներկայացնելու, ընթերցելու նպատակով»:

Ապրիլի 4-ին Մոսկվա կինոթատրոնում կայացել է ֆիլմի փակ դիտումը, իսկ ապրիլի 5-ին, 6-ին, և 7-ին մուտքն ազատ էր: Բոլոր օրերին դահլիճը եղել է լեփ լեցուն:

Վահե Յանը ցանկացել է ֆիլմը ևս մեկ անգամ դիտել, բայց դահլիճ մտնել այդպես էլ չի կարողացե. «Մարդիկ այնքան շատ էին։ Էն լույսը, որ մենք մարդկանց ուզում էինք հասցնել ֆիլմով, ստացվել է: Ես հուզվեցի, երբ տեսա այդքան մարդկանց, փաստորեն այդ լույսի պահանջն ու կարիքը կար։ Դու անում ես մի բան, որի պահանջը կա, դրանից ավելի գերագույն զգացողություն չկա»:

Հանդիսատեսը մեկ անգամ նայելով չի բավարարվել: Շատերը ֆիլմի ցուցադրության երեք օրերին այդպես էլ չեն կարողացել մտնել դահլիճ.

«Ինձ ֆիլմը շատ դուր եկավ: Շատ լավ նախաձեռնություն էր։ Երեք օր էր ցուցադրվելու ու ես ամեն ինչ մի կողմ դրեցի, որ գամ ու նայեմ։ Ես շունչս պահած նայում էի ուղղակի»:

«Տպավորություններս աննկարագրելի էին, շատ գեղեցիկ էր ներկացված, թե մեր մշակույթը, թե մեր եկեղեցին, թե գրաբարի ու աշխարհաբառի համադրությունը։ Գաղափարը մեծ էր, այն հիասքանչ էր, որ եկող սերունդը կարողանա հասկանալ Նարեկացի։ Ֆիլմում Նարեկացու յոթ տաղերը կարդում են յոթ հայտնի դերասաններ, որոնք իրենց խաղով հանդիսատեսին են հասցնում տաղերի բովանդակությունը»:

«Հոգևոր բավարարվածություն էր, իհարկե, քանի որ հնարավորություն ես ունենում կադրային առումով լիացնել աչքդ, ծանոթանալ մեր հոգևոր երաժշտությանը, իսկ անցումները շատ հետաքրքիր էին, դերասանները՝ պրոֆեսիոնալ։ Սա արժեքավոր գործ էր»:

«Դերասանական կազմը հոյակապ էր, լավ թիմ էր ընտրված, զգացվում էր, որ դերասանների ընտրությունը պատահական չէր։ «Տաղ հոգու ճանապարհ» ֆիլմում Նարեկացու գործերը հնչում են աշխարհաբարով: Իսկ ֆիլմի գեղեցիկ կադրերը Նարեկացու խոսքերը տեղ են հասցնում այսօրվա մարդու դիրքերից»:

«Շատ ողջունելի է նման ֆիլմ նկարահանելը, քանի որ մենք մեր Նարեկացուն ճանաչում ենք «Մատյան Ողբերգությամբ», մինչդեռ տաղերն ավելի քիչ են հայտնի: Ֆիլմը լավ հնարավորություն էր ճանաչելու տաղերը»: 
«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի նկարահանումները տևել են կես տարի՝ յոթ խորհրդանշական վանքերում: Ապրիլի 9-ին՝ Հարության տոնին, ֆիլմը կցուցադրվի նաև Արմենիա հեռուստաընկերության եթերում` 19.30-ին:




Լրահոս