ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

 

-Պարո՛ն Շահնազարյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստին հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր լինելու է՝ բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Չնայած հայկական կողմի միակողմանի խաղաղության ձգտումներին՝ հակառակորդը ավելի է ագրեսիվացնում իր քաղաքականությունը, սպառնալիքներ է հնչեցնում, լարում է սահմանային իրավիճակը: Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղության գործընթացը, ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր նման լարված իրավիճակում:

-Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը վաղն էլ հայտարարի՝ ինչ էլ լինի երկրում, եկեք համարենք, որ խաղաղություն է տիրում. նրա անպատասխանատու եւ հակասական, իրականությունը խեղող հայտարարությունները նորություն չեն, վաղուց նրա հայտարարություններին լուրջ չեն վերաբերվում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ միջազգային հանրությունը: Հետեւաբար նրա հայտարարությունները, թե խաղաղության պայմանագիր է լինելու, գրոշի արժեք ունեն, բոլորը լավ գիտեն՝ խաղաղության ասելով՝ նա ինչ նկատի ունի: Նա, խաղաղության ասելով, նկատի ունի թշնամու նախապայմաններով դելիմիտացիա սահմաններին, Թուրքիայի հետ սահմանների բացում, չեմ բացառում նաեւ միջանցքի տրամադրում տարբեր ձեւակերպումներով այնպես, որ մարդիկ չհասկանան՝ ինչ տեղի ունեցավ: Ես նրա խոսքերի վրա հիմնվելու կամ դրանցից եզրակացության գալու որեւէ հիմք չունեմ, փոխարենը ես տեսնում եմ համագործակցված աշխատանք Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջեւ: Ադրբեջանցիները սահմանից են փորձում վախեցնել մեր ժողովրդին, նույնը ներսում անում է նաեւ Հայաստանի իշխանությունը, ասում է՝ պատերազմ կլինի, պետք է անպայման խաղաղության գնանք: Այս ընդհանուր տեղեկատվական-քարոզչական ահաբեկչություն իրականացնելով՝ առաջ են տանում թուրք-ադրբեջանական օրակարգը:

-Պարո՛ն Շահնազարյան, վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է ամերիկյան կողմը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար: Ամերիկյան կողմը մեկ այլ հայտարարություն եւս հնչեցրեց, որ նախապայմաններ է տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության կնքման համար: Ինչո՞վ եք պայմանավորում ամերիկյան կողմի այս ակտիվությունը:

-Բացառապես մեկ հանգամանքով՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններին նոր թափ հաղորդելու համար: ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա որեւէ ճնշում չի գործադրում, սա ակնհայտ է. մեծ հաշվով այս իրավիճակում ճնշման մեխանիզմներ չունեն էլ: Նրանք տեսնում են, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետեւանքով Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճում են, փորձում են հիմա որպես դրական կողմ ներկայանալ, բայց նպատակը մեկն է՝ փորձում են Ռուսաստանին դուրս բերել տարածաշրջանից: ԱՄՆ-ն հայտարարություններից այն կողմ չի գնա, որեւէ պատժամիջոց, սահմանափակում կամ հստակ ձեւակերպված պահանջ, ճնշում Ադրբեջանի վրա չկա, փոխարենը զարգացնում են համագործակցությունն Ադրբեջանի հետ, հետեւաբար այդ հայտարարարությունները պոպուլիստական բնույթի են, զրոյական ազդեցություն ունեն:

-Վերջերս Հայաստանի բարձրագույն դատարանը որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։ Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել սրան եւ զգուշացրել «երկկողմ հարաբերությունների համար սրա չափազանց բացասական հետեւանքների մասին»: Ի՞նչ հետեւանքներ սա կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, Մոսկվան կտրուկ քայլերի կգնա՞:

-Ռուսական կողմն այդպիսով առնվազն հնարավորություն է ստանում Հայաստանի հարցում անգործություն ցուցաբերելու համար, երբ, օրինակ, ի հայտ է գալիս նոր խնդիր, իրենք չեն միջամտում՝ ասելով՝ դուք մեր դեմ պայքարում եք, հիմա գնացեք ու ձեր խնդիրները լուծեք: Իսկ ՀՀ իշխանությունների նման քայլերի հետեւանքը Արցախի տարածքների կորուստն է, սահմանին տեղի ունեցող կրակոցներն են, Հայաստանի տարածքների օկուպացիան է, այս ամենը դրա հետևանքն է: Հեղաշրջման առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանի կառավարության ոչ հաշվարկված ու հակառուսական քայլերի հետեւանքն է այս ամենը: Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանը նվեր չէ մեզ համար, շատ դժվար գործընկեր է, բայց պետք չէ առիթ տալ, որ ռուսական կողմն իր անգործությունն արդարացնի, պետք է ճիշտ հաշվարկված քայլեր անել ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ճիշտ մոտեցում ցուցաբերել, հակառակ դեպքում հետեւանքը տարածքային նոր կորուստներն են լինելու:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը ներկայացրել է զեկույց՝ շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների մասին:

 

Զեկույցում նշվում է, թե ինչի հետեւանք են հանդիսանում Արցախի տնտեսության կորուստները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից ներկրվող էլեկտրաէներգիայի օդային գիծը խափանվել է Ադրբեջանի կողմից, իսկ էլեկտրաէներգիայի ներքին արտադրությունը բավարարում է միայն ընդհանուր պահանջարկի մոտ կեսը, արտադրական հզորություններին հոսանք չի տրամադրվում: Այս պայմաններում կարողանում են շարունակել իրենց գործունեությունը միայն որոշ ծառայություններ (օրինակ՝ ֆինանսական կամ ՏՏ ոլորտի) մատուցող կամ բյուջետային հատվածի կազմակերպությունները: Այլ կազմակերպություններ գործունեություն հիմնականում չեն իրականացնում եւ հարկեր չեն վճարում:

Արցախի պետական բյուջեի ընդհանուր ուղղակի ծանրաբեռնվածությունը օրական կտրվածքով նվազագույնը մոտ 117.2 մլն դրամ է (296 հազ. ԱՄՆ դոլար) կամ ամբողջ բյուջետային ծախսերի 20 տոկոսը: Այս կապակցությամբ Արցախի կառավարությունը ստիպված է կրճատել բյուջետային, առաջին հերթին` տնտեսական բնույթի կապիտալ եւ ընթացիկ ծախսերը՝ ավելի խորացնելով անկումը Արցախի տնտեսության համար: Արցախի բյուջեի ծախսային կառուցվածքը հիմնականում սոցիալական բնույթ ունի, եւ դա պայմանավորված է նաեւ օբյեկտիվ պատճառներով, քանզի հետպատերազմյան շրջանում, շուրջ 30,000 անտուն մնացած արցախցիների խնդրի համատեքստում, ակնհայտ պետք է մեծանար բյուջետային ծախսերում սոցիալական բնույթի ծախսերի մասնաբաժինը։ Վերջինս Արցախի տնտեսական տարածքների կորստի հետեւանքով բյուջետային եկամուտների էական նվազման եւ սոցիալական ծախսերի պահանջի մեծացման  ֆոնին է՛լ ավելի է մեծացնում բյուջետային լարվածությունը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

 

Արցախում, չնայած դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին, նաեւ բնակիչներն են կանգնում սոցիալական խնդիրների առջեւ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել:  Բանն այն է, որ շրջափակված Արցախում տարբեր ապրանքների գները մեծ չափով աճել են, ինչը պայմանավորված էր ապրանքների մատակարարման դժվարություններով, ստվերային երեւույթներով ու գների վերահսկողության խնդիրներով: Դրանից հետո Արցախի կառավարությունը գների վերեւի շեմ էր հաստատել առանձին որոշմամբ՝ պարտավորեցնելով խանութներին հաստատված գներից բարձր գնով չվաճառել ստացված ապրանքները:  Պարզվում է նաեւ, որ այս ընթացքում փակ հետաքննություններ ու գործողություններ են կատարվել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի անմիջական համակարգմամբ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ու կանխել ստվերային մատակարարման խոշոր դեպքեր: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր առաջ Ստեփանակերտում առգրավվել է մասնավոր տնտեսվարողի կողմից խաղաղապահների միջոցով ստվերային կերպով բերած երկու կամազ ապրանք՝ տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնց փոխարեն պետք է տեղափոխվեին կառավարության կողմից նախատեսված ապրանքներ: Դրանից հետո էլ կանխել են կրկին պետության նախատեսած ապրանքների փոխարեն Գորիսից երկու կամազ ապրանքի ստվերային տեղափոխությունը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ում էին պատկանում առաջին բացահայտված ապրանքները, բայց, ըստ ստացած տեղեկությունների, երկրորդ դեպքը կապված է եղել Արցախում վատահամբավ Գագիկ Սարգսյանի (Սպեցնազի Գագո) անվան հետ, ում արդեն բեռնված ապրանքներն էլ նախքան Գորիսից դուրս գալը տեղում թափել է տվել պետական նախարարը՝ պետության համար կարեւոր ապրանքներ տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ասում են նաեւ, որ որոշ պաշտոնյաներ ընդգրկված են եղել այդ ստվերային գործընթացներում, որոնց մասով լրացուցիչ ստուգումներ են կատարվում:

 




Լրահոս