Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ:

 

-Որքան Հայաստանի իշխանությունները, վարչապետը խոսում են խաղաղության մասին, այնքան Ադրբեջանն ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում: Տեսնում ենք՝ ինչ իրավիճակ է Արցախում, առաջխաղացման փորձեր է անում, նոր բարձունքներ է գրավում, կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ, ավելին՝ տեղեկություններ կան, որ Սյունիքում եւս առաջ են եկել Տեղ գյուղի հատվածում: Ի՞նչպես կգնահատեք այս իրավիճակը, ի՞նչը կկանգնեցնի հակառակորդին, ի՞նչ ելքեր եք տեսնում:

-Եթե մենք անընդհատ խոսենք խաղաղությունից, բայց որեւէ քայլ չձեռնարկենք, արտաքին քաղաքական փոփոխություններ չանենք, մենք չեն կարող լուրջ լուծումներ ակնկալել, իսկ խաղաղության մասին, առհասարակ, կարող ենք չմտածել: Ես կարծում եմ, որ պետք է շատ արագ վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը, մեր միջազգային գործընկերների հետ փորձենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք  չեն լինի եւ-եւ տարբերակով: Այդպես չի լինում, քանի որ աշխարհը գնալով տարանջատվում է, սեւ-սպիտակի է բաժանվում:  Պետք է հասկանանք, որ, ունենալով Ռուսաստանի նման դաշնակից, մենք գնալով բարդացնելու ենք մեր վիճակը: Թեեւ մեր այլընտրանքը մեծ չէ, բայց նման հնարավորություն վաղը չենք ունենալու, չենք կարող հույս դնել մի դաշնակցի վրա, որն արդեն տեւական ժամանակ է՝ ցույց է տալիս, որ դաշնակից չէ: Նա հստակ իր շահերն ունի. ես չեմ ասում, որ պետք է անտեսի իր շահերը, բայց  եթե դաշնակից ես, պետք է նաեւ դաշնակցիդ շահերը նկատի ունենաս: Այս պարագայում տեսնում ենք, որ շահերի համընկնում չկա:

-Այն, որ Ռուսաստանը պատշաճ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, դա ակնհայտ է, իսկ մենք ի՞նչ ենք անում մեր անվտանգությունն ապահովելու համար, բավարա՞ր եք գնահատում իշխանությունների քայլերն այս ուղղությամբ:

-Եթե դու անկախ պետություն ես, ունես ինքնիշխանություն, ինքդ պետք է պատասխանատվություն կրես նաեւև ստեղծված իրավիճակի համար: Ես չեմ ասում՝ Ռուսաստանը պատասխանատու է մեզ համար, ես ասում եմ, որ մեր սխալ քայլերի արդյունքում տեւական ժամանակ մեր ինքնիշխանությունը  քիչ-քիչ զիջել ենք Ռուսաստանին եւ արդյունքում ստացել ենք այս իրավիճակը: Մեր իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց քայլերը. այսօրվա աշխարհն ու երեկվանը տարբեր են, մենք պետք է որոշում կայացնենք՝ ինչ ենք ուզում: Օրվա  իշխանությունները դանդաղում են, իրենք մտածում են՝ ճկունություն են ցուցաբերում, բայց շատ վտանգավոր է դա: Մենք պետք է հստակ հասկանանք՝ ունենք արդյոք դաշնակից, թե, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, միայնակ ենք մնալու:

-Այսինքն՝ կարծում եք աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությո՞ւն է անհրաժեշտ Հայաստանին: Նման իրավիճակում ի՞նչ հետեւանքներ կունենա սա: Եթե Ռուսաստանին ասում ենք՝ հեռացիր, ունե՞նք այլընտրանք:

-Վաղուց էր անհրաժեշտ այդ փոփոխությունը: Աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն չի նշանակում, որ  արթնանում ենք, ասում ենք՝ վերջ, այսօր այս պետության դաշնակիցն ենք: Պետությունների հետ հարաբերություններն այդպես չեն կառուցում, բայց պետությունները խոսում են իրար հետ, որպեսզի միասնական լուծեն ընդհանուր շահերը: Մենք, տեւական ժամանակ է, Ռուսաստանի դաշնակից ենք հռչակված, մեր ռազմավարական դաշնակիցը զինում է մեր թշնամուն ու ներկայացնում, թե դա բիզնես է, իսկ մեր ռեակցիան ո՞րն է  դրան, հիմա դաշնակի՞ց ենք, թե՞ գուբեռնիա: Այն քաղաքական գործիչները, որ այսպես են պատկերացնում, պետք է  րոպե առաջ պատասխանատվության ենթարկվեն:

-Չնայած Ադրբեջանի սադրանքներին՝ հայկական կողմը շարունակում է խոսել խաղաղության մասին: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ անկախ ամեն ինչից՝ խաղաղության պայմանագիր լինելու է: Այս պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նոր փաստաթուղթ հնարավո՞ր է:

-Հայաստանը, իհարկե, չպետք է ասի, որ պատերազմի է պատրաստվում, բայց պետք է իր գործողություններով պատրաստ լինի հնարավոր բոլոր զարգացումներին: Ես չեմ տեսնում, որ խաղաղության գնալու հնարավորություն կա այս պահին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԿՔՆՆԱՐԿՎԻ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 4-ի արտահերթ նիստում կքննարկի ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը: ՄԻՊ թեկնածուները երկուսն են. իշխող ՔՊ-խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

 

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի, այս դեպքում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում: Ազգային ժողովին ՄԻՊ թեկնածու է առաջադրվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից, այսինքն՝ գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 7-ն են, մեծամասնություն են կազմում ՔՊ խմբակցության պատգամավորները՝ 4/3 հարաբերակցությամբ: Հարցի քննարկման ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը եւ հայտնում որոշման մասին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ խնդրելով ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան: Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ անասնաբուժական ծառայությունների միջեւ կայացած բանակցությունների ընթացքում:

«Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է հայկական անասնաբուժական ծառայության կողմից արտադրվող կաթնամթերքի անվտանգությունը ռուս ստացողների համար երաշխավորելու անհնարինության հարցը»,-նշում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Նշվում է, որ դիմումը կապված է տեսչության անբավարար արդյունքների հետ, որոնց մասին հաղորդվել էր ավելի վաղ:

«Մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ»,- հավելում է գերատեսչությունը՝ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ հայկական կողմի իրականացրած աշխատանքների արդյունքներով:

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ կքննարկի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներ մտցնելու հարցը վատ վերահսկողության եւ հայկական կողմից սահմանափակող միջոցների խախտումների պատճառով: Հայկական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակող միջոցներ է կիրառել:

 




Լրահոս