Երևանը պետք է լինի նախևառաջ առողջ քաղաք. Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միացյալ Հայաստան»կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը հայտարարություն է տարածել. Երևանի քաղաքային զարգացման բոլոր ծրագրերն անիմաստ կլինեն, եթե դրանց հիմքում չդրվի երևանցու առողջության առաջնային պահպանման խնդիրը։

Երևանյան պոլիկլինիկաների մի մասի շենքային պայմանները, դրանցում առկա նյութատեխնիկական գույքն ու բժշկական սարքավորումները շարունակում են ֆիզիկապես և բարոյապես մաշված մնալ, իսկ ընտանեկան բժիշկների աշխատասենյակների առջև երբեմն երկար և անկանոն հերթեր են գոյանում։

Երևան քաղաքում հարկավոր է ներդնել առաջնային ապահովագրության՝ պոլիկլինիկական ցանցի առավել արդյունավետ համակարգ՝ ուղղված առավելապես հիվանդությունների կանխարգելմանն ու պրոֆիլակտիկային, ոչ թե բուժմանն ու հետևանքների դեմ պայքարին։

Մեր քաղաքացիներն ինձ դիմում են գանգատներով, որ չեն կարողանում օգտվել պոլիկլինիկաների անվճար պրոֆիլակտիկ բուժծառայություններից, քանի դեռ որևէ գանգատ չունեն, այլ կերպ ասած՝ միայն գանգատով է հնարավոր դիմել առողջության առաջնային պահպանման օղակին։
Այդպես չպետք է լինի։

Մեր քաղաքական թիմը մշակել է երևանյան առողջապահության առաջնային օղակի համալիր վերափոխման ծավալուն ծրագիր։ Դրանում ներառված են ոչ միայն ընտանեկան բժշկի ինստիտուտի վերափոխման, այլև առողջ ապրելակերպի տարածման և խրախուսման, առողջ սննդի և հանրային առողջարարական գոտիների ստեղծման, դեղորայքի կեղծման դեմ պայքարի դրույթներ։

Ինքս բաց չեմ թողնում երեխաներիս կամ ծնողներիս պոլիկլինիկա ուղեկցելու առիթները , որտեղ այս թեմաների շուրջ զրուցում եմ, թե’ այցելուների և թե’ բժշկական անձնակազմի հետ։




Լրահոս