ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՎՏԱՆԳ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 10-ին Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցի զինծառայողներ էին հայտնվել: Նրանք մտել էին Սիսիանի բնակիչներից մեկի տուն: ՀՀ տարածք մտած ադրբեջանցի զինծառայողներից մեկը ձերբակալվել էր հենց նույն օրը, իսկ մյուսը միայն երեք օր անց էր հայտնաբարվել քաղաքացիների կողմից. ադրբեջանցի երկրորդ զինծառայողը եւս ձերբակալվել է: Այս դեպքի հաջորդ օրը՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական զինուժը կեսօրից հետո կրակ էր բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմն ունեղել էր 4 զոհ եւ 6 վիրավոր։ Թշնամին եւս մեծաթիվ զոհեր էր տվել: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանցի դիվերսանտների՝ ՀՀ տարածք ներխուժման եւ Տեղ գյուցում ապրիլի 11-ին տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:

 

-Պարո՛ն Հակոբյան, օրեր առաջ՝ ապրիլի 10-ին, ադրբեջանցի երկու դիվերսանտ ներթափանցել էին ՀՀ տարածք: Նրանցից մեկը հաջորդ օրը ձերբակալվել էր, իսկ մյուսը շուրջ երեք օր շրջել էր Սիսիանի գյուղերում, եւ երեկ միայն նա հայտնաբերվեց, այն էլ՝ ոչ թե իրավապահների , այլ քաղաքացիների կողմից: Ի՞նչ գնահատական կտաք սրան, մեր անվտանգությունն այդքան ցածր մակարդակի՞ է, եւ արդյոք իրավապահներն անգործություն չե՞ն ցուցաբերել:

-Իրավիճակին մանրամասն չեմ տիրապետում, բայց շատ վատ է, որ ներթափանցելուց հետո ոչ թե իրավապահներն են բռնում, այլ քաղաքացիներ են հայտնաբերում. սա նշանակում է, որ որոնողական աշխատանքները վատ են կազմակերպված:

-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստին անդրադառնալով Տեղ գյուղի սահմանային վերջին միջադեպին, հայտարարեց, որ իչ հանձնարարականները չեն կատարվել, թերացումներ են եղել: Ի՞նչ թերացումների մասին է խոսքը:

-Առանց թերություն հո չի՞ լինում: Արդեն ասել եմ, որ հնարավոր էր այդ միջադեպը կանխել:

-Հաշվի առնելով այդ միջադեպը՝ սահմանային նոր էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ եք:

-Նոր Էսկալացիայի վտանգ միշտ էլ կա:

-Իսկ Հայաստանն ունի՞ բավարար ռեսուրսներ դիմակայելու համար:

-Չեմ կարող ասել, քանի որ իրավիճակին չեմ տիրապետում:

-Պարո՛ն Հակոբյան, ի վերջո, Տեղ գյուղի սահմանային միջադեպը զինվորականների՞, թե՞ քաղաքական իշխանության մեղավորությունն է:

-Ամբողջ պետության:

-Կոնկրետ ու՞մ:

-Վերից վար. քննությունը կպարզի՝ ով է մեղավոր:

-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը Հայաստան-Ադրբեջան 1991 թվի սահմանային գծից: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ է սա իրենից ենթադրում:

-Դա չլինող բան է այս պահին, անհնար է զորքերի հայելային հետքաշումը:

-Ինչու՞ է անհնար:

-Որովհետեւ դու գտնվում ես պատերազմական իրավիճակում, դրա համար էլ անհնար է, իսկ թե ինչ հետեւանքներ կլինեն, դրա մասին չեմ խոսում: Ես գիտեմ, որ դա չլինող գործընթաց է, դրա համար չեմ էլ ուզում բացատրել՝ ինչը-ինչ է: Մեր եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակն այնպես է, որ անհեթեթություն է անգամ դրա մասին խոսելը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԹԵԺԱՑՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ

«Մեր սահմաններն այն աստիճանի թափանցիկ են դարձել, որ ով չի ալարում, կարող է մտնել, կիլոմետրերով առաջ գալ: Սա խոսում է այն մասին, որ մեր անվտանգությունը, հատկապես՝ սահմանների անձեռնմխելիության կոնտեքստում, բարձիթողի վիճակում է»,- ArmLur.am-ի հետ զրույցում դիտարկում է արել ՀՀ նախկին վարչապետ, Կառավարման ակադեմիայի պրոֆեսոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտների՝ ՀՀ տարածք ներթափանցմանը:

«Ամենազարմանալին այն է, որ իրավապահները եւ ԱԱԾ-ն փնտրում էին դիվերսանտներին, բայց քաղաքացիներն են ի վերջո գտնում նրանց, վնասազերծում եւ հանձնում իրավապահներին. սա իրողություն է »,-արձանագրում է զրուցակիցը:

Խոսրով Հարությունյանն այս միջադեպը դիտարկում է որպես Նախիջեւանի կողմից Հայաստանի վրա ճնշումները բարձրացնելու առաջին փորձ. «Համոզված եմ, որ առաջիկայում Նախիջեւանի կողմից ականատես կլինենք մեծ ճնշումների. սա Ալիեւի կողմից վարվող սողացող ագրեսիայի քաղաքականության վեջ է տեղավորվում »,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:

 

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Խորհրդարանն ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կհրավիրի:

Օրակարգում 6 հարց է, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը, ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Պատգամավորները նաեւ դատավորներ պետք է ընտրեն:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է 2 ՄԼՐԴ ԵՎՐՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերին, եւ քննարկել են Կիեւին աջակցություն տրամադրելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta կայքը՝ վկայակոչելով Շմիգալի Twitter-ի գրառումը:

«Ֆրանսիան պատրաստ է 2 մլրդ եվրո աջակցել Ուկրաինային երկարաժամկետ ծրագրի շրջանակներում»,- գրել է նա:

Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետը, գումարի մի մասն ուղղվելու է պետության վերականգնմանը: Միեւնույն ժամանակ, Շմիգալը չի հստակեցրել, թե ինչ ժամկետում Է Ֆրանսիան պատրաստվում Կիևին համապատասխան ֆինանսական աջակցություն ուղարկել:




Լրահոս