ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՌՃԱՑՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ կառավարութան 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այդ նույն զեկույցում անդրադարձ կա Պարեկային ծառայությանը, սակայն առկա են ցուցանիշներ, որոնք այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ՝ նշվում է, թե Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում պարեկային ոստիկանությունը սկսել է ծառայությունը: Ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները: Սակայն FIP-ը փաստում է, որ իրականում, նշված 6 մարզերից Պարեկային ծառայությունը 2022 թվականին գործել է միայն Շիրակի ու Լոռու մարզերում, իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում Պարեկային ծառայությունը սկսել է գործել 2023 թվականի հունվարից: Մյուս կողմից՝ ներկայացված են հենց 2023 թվականի տվյալները: Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հատվածի մեծ մասը վերաբերում է 2023 թվականին տեղի ունեցած գործընթացներին։ 2022 թվականի՝ կառավարության գործունեության վերաբերյալ 83-էջանոց հաշվետվության մեջ ավելի քան 90 անգամ նշվել է 2023 թվականը։ Ստացվում է, որ կառավարության գործունեության ծրագրում թյուրիմացություններ կան, եւ կան ուռճացված տվյալներ, որոնք չեն վերաբերում 2022 թվականի գործունեությանը:

 

 

 

 

 

ՔՊ-ում այս օրերին օդը «սառած է». Փաշինյանն արդեն 2 օր է՝ խորհրդարանում է: Իշխող խմբակցության պատգամավորները գերլարված են՝ հանկարծ որեւէ բացթողում թույլ չտան վերադասի ներկայությամբ: Նկատենք, որ սովորաբար ԱԺ հերթական նիստերի օրերին ՔՊ-ականների մեծ մասն ուշացումով, կարելի է ասել, ճեմելով  են գալիս նիստերին, շատ դեպքերում գալիս, գրանցվում ու դուրս են գալիս դահլիճից եւ վերադառնում են միայն քվեարկությունների ժամանակ, այնինչ երեքշաբթի, չորեքշաբթի, երբ ԱԺ նիստը պետք է սկսվեր Փաշինյանի ելույթով, նիստի սկսվելուց րոպեներ առաջ արդեն ՔՊ-ականները տեղավորվել էին, կազմ-պատրաստ սպասում էին, որպեսզի դիմավորեն Փաշինյանին, իսկ նրա ելույթի  ժամանակ որեւէ մեկը չէր համարձակվում անգամ դուրս  գալ նիստերի դահլիճից: Դպրոցականների նման լուռ լսում էին իրենց «ուսուցչին», ջանք չէին խնայում, որպեսզի ցույց տան, թե խիստ հետաքրքրված են նրա ելույթով: Ի դեպ, այսօր եւս բարդ օր է իշխող ֆրակցիայի պատգամավորների համար. Նիկոլ Փաշինյանը կրկին խորհրդարանում կլինի կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022թ.-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի մասով ամփոփոիչ ելույթ ունենալու համար, այդ պատճառով էլ կառավարության նիստը մեկ օրով հետաձգվել է:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Ո՞ւմ մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, 2020թ. պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված՝ մի խումբ քաղաքացիների հետ Ա.Բ.-ն ներկա էր գտնվել մայրաքաղաք Երեւանում, որտեղ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նշվում է  նաեւ, որ նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Խոսքը Արա Բադոյանի մասին է, ու նրա մասով գործը ուղարկվում է դատարան: Նշենք, որ Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով՝ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել:

 

 

 

«Ժողովուրդ»   օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ ՀՀ  արտաքին  գործերի  նախկին  նախարար  Վարդան  Օսկանյանի  որդու ՝ Արա  Օսկանյանի գործողությունների  մասով  ՀՀ   քննչական  կոմիտեում   քրեական  գործ  է  հարուցված  խարդախության հատկանիշներով: Մասնավորապես,  մեզ  հասած տեղեկությունների  համաձայն՝ Օսկանյանի  որդին  կալանքի   տակ  գտնվող  գույքը  վաճառել  է, ինչի առթիվ իրավապահներին հաղորդում  է  ներկայացվել հանցագործության մասին, որտեղ էլ տրվել է  Օսկանյանի որդու՝ Արա  Օսկանյանի անունը: Իհարկե, առաջին դեպքը  չէ, որ Վարդան Օսկանյանի  որդին հայտնվում է իրավապահների  տեսադաշտում: Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի քննիչի որոշմամբ, ձերբակալվել էին 33-ամյա Արա Օսկանյանն ու 25-ամյա Հրանտ Սերադարյանը։ Վերջիններս կասկածվում էին քաղաքացու առեւանգելու համար՝ պարտքը վերադարձնելու պահանջով,  ավելի ուշ գործը  կարճվեց: Այս պատմության մեջ ուշագրավն այն էր, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող տունը նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանը գնեց, ընդ որում՝ մաս-մաս վճարելու տարբերակով, սակայն իրավապահները ո՛չ վաճառողին, ո՛չ էլ գնորդին չեն պատժում:

 




Լրահոս