ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի արգործնախարարները Վաշինգտոնում բանակցություններ են վարում՝ ԱՄՆ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:

«Ամերիկայի ձայն»-ը  հոդված էր հրապարակել, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Ըստ այդ հոդվածի՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջեւ քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հետ:

-Պարո՛ն Պապոյան, Ձեզ հայտնի՞ է՝ ինչի շուրջ են բանակցում Վաշինգտոնում. կա՞ որեւէ փաստաթուղթ:

-Կոնկրետ ինչի շուրջ են բանակցում՝ տեղեկություն չունեմ, բայց գիտենք, որ, ընդհանուր առմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ են բանակցությունները գնում: Մինչ այս Հայաստանը եւ Ադրբեջանը փաստաթղթեր, առաջարկներ էին փոխանակում, զուգահեռ նաեւ տարբեր հարթակներում Վաշինգոտնում, Մոսկվայում, Բրյուսելում տեղի էին ունենում հանդիպումներ: Երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի եւ մեր ձգտման մասին, որ խաղաղություն լինի, այնպես չէ, որ մի օր մեկը հայտնվելու է եւ ասի՝ եկե՛ք այս փաստաթղթի տակ ստորագրեք, եւ խաղաղություն կհաստատվի: Դա երկար գործընթաց է, որին նախորդում են հսկայական բանակցություններ: Մենք ունենք մեր կարմիր գծերը, մյուս կողմն ունի իր կարմիր գծերը. երբ այդ կարմիր գծերը մոտենան, այդ ժամանակ էլ խաղաղության պայմանգիր կլինի:

-Որո՞նք են  հայկական կողմի կարմիր գծերը:

-Հայկական կողմի կարմիր գիծը  Հայաստանի 29.800 ք/կմ տարածքն է, կան նաեւ այլ կարմիր գծեր: Ադրբեջանն ասում է՝արցախահայերը չպետք է ունենան որեւէ իրավունք, որը կտարբերվի Ադրբեջանի այլ քաղաքացիների ունեցած որոշակի իրավունքներից, ինչը, ցավոք, հնարավոր չէ, քանի որ այդ դեպքում արցախահայությունը ցեղասպանության կենթարկվի: Ադրբեջանը Նիդերլանդները չի, որ ասենք՝ նորմալ է. այս դեպքում էթնիկ զտման են ենթարկվելու  արցախահայերը, այստեղ առաջանում է հայերի իրավունքների հարցը: Մենք չենք ասում, որ, օրինակ, Նիդերլանդներում ապրող հայերը պետք է ունենան այդպիսի իրավունքներ. իրենք եթե ունենան այնպիսի իրավունքներ, ինչպիսին այնտեղ ապրող քաղաքացիները, դա բավարար է Նիդերլանդներում անվտանգ ապրելու համար, բայց Ադրբեջանին բավարար չէ. այդ մարդկանց կսպանեն, կունեզրկեն, կստորացնեն, այնպես կանեն, որ իրենց բնակավայրերից դուրս գան, հետեւաբար լրացուցիչ երաշխիքներ են պետք, ընդ որում՝ ոչ միայն թղթային, այլ նաեւ միջազգային հանրության որոշակի պարտավորություններով ամրագրված:

-Պարո՛ն Պապոյան, ի վերջո, վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում կողմերը նոր փաստաթուղթ պատրաստվու՞մ են ստորագրել:

-Չեն կարծում՝ նոր փաստաթուղթ է ստորագրվելու, բայց համաձայնությունների շուրջ բանակցում են: Մենք ունենք մեր կարմիր գծերը, ենթադրաբար մյուս կողմն էլ իր կարմիր գծերն ունի. եթե այդ կարմիր գծերը չափից ավելի հեռու են, ենթադրաբար խաղաղության պայմանագիր չի կնքվի, իսկ եթե կողմերը քայլեր անեն ընդառաջ, պայմանագիրը կկնքվի: Հնարավոր չէ, որ միայն մենք անենք քայլեր, կամ միայն իրենք անեն քայլեր. դա իլյուզիա է: Դա լինում  է միայն այն դեպքում, երբ կողմերից մեկը կապիտուլյացիայի է ենթարկվել, բայց ո՛չ Հայաստանն է 44-օրյա պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկվել, ո՛չ էլ Ադրբեջանը՝ 1994թ.-ի պատերազմում, հետեւաբար կողմերին միակողմանի պարտադրել ինչ-որ բան հնարավոր չէ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ

 

«Կարեւոր ու բովանդակալից հանդիպում ունեցա Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լուիզա Ռագերի, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարի՝ քաղաքական գծով խորհրդական Օգնյան Կարաստամատովի հետ:

 

Գործընկերներիս ներկայացրի Հայաստանում եւ Արցախում առկա իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի կողմից մարդկանց՝ միջազգային կոնվենցիաներով ամրագրված կենսական իրավունքների շարունակ խախտումների մասին»,- հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Ընդգծեցի, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով 120 հազար հայ 21-րդ դարում Արցախում ապրում է պատանդի կարգավիճակում՝ զրկված լինելով աշխարհի հետ կապից, էլեկտրաէներգիայի եւ գազի, սննդի եւ կենսական անհրաժեշտության պարագաների բավարար մատակարարումից, ինչի հետեւանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետում: Ադրբեջանը, ի թիվս այլ հանցագործությունների, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում, ինչը հայկական կողմի համար անընդունելի է:

Պատմեցի, թե ինչպես վարդենիսցին չի կարողանում գնալ աշխատանքի Սոթքի հանքավայրում, քանի որ ադրբեջանցիները կրակում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչպես Տեղ գյուղի ու ընդհանրապես Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակիչները հնարավորություն չունեն անասնապահությամբ զբաղվելու, քանի որ արոտավայրերն օկուպացվել են Ադրբեջանի կողմից:

Խոսեցի նաեւ Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի մասին՝ մատնանշելով երկրում մարդկանց շարունակ խախտվող իրավունքները: Նշեցի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը բոլորովին այլ խոստումներով եկավ իշխանության, ամենօրյա ռեժիմով խաբում է բոլորին՝ անելով այն, ինչ նախկինում քննադատում էր»,- եզրափակում է պատգամավորը:

 

 

 

 

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Հայաստանում զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման մեխանիզմներ ներդնելու քայլերը շարունակվում են: Ինքնակարգավորման միջոցով տարբեր երկրներում ստեղծվել են ինքնակարգավորման մարմիններ, որոնք պետք է կարգավորեն մասնագիտական խնդիրները, քննարկեն ընթերցողների կամ հեռուստադիտողների բողոքները, որպեսզի կարողանան առկա հարցերը լուծել արտադատական տարբերակով: Ինքնակարգավորման միջոցով պետք է խթանվի նաեւ էթիկայի կանոնների պահպանմամբ լրագրողական գործունեություն սահմանելը: Ինքնակարգավորման մարմին է հանդիսանում նաեւ օմբունդսմենի ինստիտուտը, որը եւս պետք է պաշտպանի ընթերցողների շահերը եւ գործում է նաեւ եվրոպական երկրներում:

Հայաստանի լրատվական դաշտում եւս ինքնակարգավորման մեխանիզմի փորձ է առկա: 2007 թվականի մարտի 10-ից գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը, սակայն այս մարմինը չունի իրավական կարգավիճակ, ճանաչված չէ, հետեւաբար գործունեության ընթացքում կարող է խոչընդոտների հանդիպել:

Այժմ նոր հայեցակարգ է մշակվում, որով առաջարկվում է ինքնակարգավորման համակարգը ներդնել կամավորության սկզբունքով: Այն պետք է ճանաչվի նաեւ պետության կողմից:  Այժմ նաեւ քննարկումներ են ընթանում, թե ինչ մեխանիզմներով այն իրականացնել, որպեսզի չվնասի լրատվամիջոցներին, նպաստի դրանց զարգացմանը: Մյուս խնդիրը, որի շուրջ քննարկումներ են առկա,  օրենքով լրագրողի սահմանում տալն է։ Մասնավորապես, կարեւոր հարց է՝ օրենքում սահմանե՞լ, թե ով է լրագրողը, թե՞ տալ միայն ոլորտի սահմանումը: Այստեղ նկատենք, որ եվրոպական մի քանի երկրներում լրագրողական կազմակերպության կողմից տրված վկայականը բավարար է լրագրող լինելու համար:

Նոր հայեցակարգում «Զանգվածային լրատվամիջոց» բառակապակցությունը փոխվել է, ընդունելի տարբերակ է համարվել «հանրության իրազեկման միջոցը»: Այստեղ հանրությանը իրազեկելու միջոց է համարվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը զբաղվում է հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, մարզական եւ/կամ հանրային այլ նշանակություն ունեցող տեքստային, լուսանկարային, ձայնային եւ տեսողական տեղեկությունների պարբերական հավաքմամբ, մշակմամբ եւ տարածմամբ: Այս դեպքում պետք է կիրառվի ինքնակարգավորման առնվազն մեկ մեխանիզմ:




Լրահոս