ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՂԹԵԼ Է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է դատարան եւ հայց ներկայացրել մի քանի լրատվամիջոցների դեմ, գումար պահանջել նրանցից իրեն զրպարտելու համար: Արդյունքում դատարանը կայացրել է որոշում.

 

«1. Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ «Երեւան Թոդայ» լրատվական կայքի, «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերության, «Պոլիտիկ Էյ Էմ» լրատվական կայքի, «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարել մասնակի:

1.1. Պարտավորեցնել «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները ներքոշարադրյալ լրատվամիջոցով հետեւյալ բովանդակությամբ եւ կարգով. https://yerevan.today/ լրատվական էլեկտրոնային կայքում հրապարակել հետեւյալ տեքստը. «10.08.2021 թվականին հրապարակված՝ ««ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը գրագողությամբ կենսագրություն է կեղծել» վերտառությամբ հոդվածում եւ «Սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի շուրջ» վերտառությամբ հոդվածում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակվել են զրպարտություն պարունակող արտահայտություններ՝ կենսագրությունը կեղծելու եւ դոկտորական ատենախոսության գրագողության մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը»: Հերքումն իրականացնել «Հերքում» խորագրի ներքո, որն իր տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Լրատվական համապատասխան կայքում հերքումը հրապարակելու անհնարինության դեպքում հերքումն իրականացնել առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվամիջոցի կայքում:

1.2. «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից, հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի, բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Հովհաննես Հովհաննիսյանի հայցը՝ մնացած մասով, մերժել:

  1. Թիվ ԵԴ/37855/02/21 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի՝ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընդդեմ «Երեւան Թոդայ» լրատվական կայքի եւ «Պոլիտիկ Էյ Էմ» լրատվական կայքի, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, կարճել՝ վեճը քաղաքացիական դատավարության կարգով դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
  2. «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից, հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի, բռնագանձել 14.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցի մասով պետական տուրքի նախապես վճարված գումար: «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից, հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի, բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատական ծախսերի հարցը՝ մնացած մասով, համարել լուծված: 3. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»։

Ք. Մ.

 

 

 

ԾԱՎԱԼՈՒՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են.

 

-Նոր կառուցված ճանապարհները սպասարկելու առնչությամբ զեկուցվել է, որ ամբողջությամբ փոխվելու է աշխատանքի մեթոդաբանությունը: Այսուհետ փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման ու հենապատերի փոփոխման համար առանձին մրցույթներ չեն լինելու. ամբողջ գործընթացն իրագործելու է «Ճանշինը»:

Հանձնարարվել է վերանայել գծանշման պահանջները՝ ապահովելով բարձրորակ նյութերի օգտագործում, ինչի շնորհիվ արվածը կծառայի ավելի երկար:

-Երեւանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները: Հանձնարարվել է այս եւ քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) համակարգը:

Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաեւ Կոնդ թաղամասի բնակիչների տների եւ հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:

-Երեւանի բնակֆոնդի թարմացման, վթարային շենքերի վերականգնման նպատակով համայնքը կհամագործակցի կառուցապատողների հետ: Շահագրգռությունը մեծացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել ոչ թե մեկ շենքի, այլ բակի տրամաբանությունը, որը կներառի մի քանի շենք եւ հնարավորություն կտա բնակիչներին հարմարավետ տարբերակով բարելավելու իրենց բնակարանային պայմանները:

-Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյալ վճարով, թե այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի:

-Վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են այգիների, բակային տարածքների բարեկարգման ու հիմնանորոգման աշխատանքների ու ծավալուն ծրագրերի ընթացքը:Հաշվի առնելով քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը՝ հանձնարարվել է որպես պարտադիր պահանջ սահմանել շինարարական աշխատանքների ընթացքում փոշու որսիչ ցանցերի առկայությունը եւ իրականացնել խիստ հսկողություն:

-Գործարկման է պատրաստ քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ բնակիչների կարծիքները գրանցելն ապահովող առցանց հարթակը: Հանձնարարվել է այդ հարթակում նոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ստեղծել:

 

 

 

 

 

 

ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Իջեւանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդները լրագրողիս բողոքել են, որ այդ մեծ հիվանդանոցում հիվանդների համար լողանալու հնարավորություն չկա, ինչը մեծ անհարմարություններ է առաջացնում այդ առողջապահական հիմնարկում  երկար ժամանակով բուժվողների համար։ Իջեւանի բժշկական կենտրոնում   հիվանդասենյակների պատերից կախված են հեռուստացույցի տակդիրներ, սակայն ոչ մի հիվանդասենյակում հեռուստացույց չկա, որ հիվանդները, հեռուստացույց նայելով, շեղվեն իրենց առողջական վիճակից։ Հիվանդասենյակներում օդափոխիչներ չկան, հիվանդները խեղդվում են շոգից, ծանր օդից, մինչդեռ Իջեւանի ԲԿ-ն հիմնանորոգելու համար հսկայական փողեր են ծախսվել։ 2010թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Իջեւանի բժշկական կենտրոնի հիմնանորոգված շենքերի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնը վերանորոգվել է կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` ՀՀ նախագահի` մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակում, աշխատանքների վրա ծախսվել է ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար: 2023թ. ապրիլի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ հիմնվել են համակարգչային տոմոգրաֆիայի եւ հեմոդիալիզի բաժանմունքներ, այդ նպատակով ծախսվել է 223 միլիոն դրամ:

 

 

 

 

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է  2024Թ.-Ի ՀԱՄԱՐ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե   Տավուշի մարզպետարանն ինչ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտադրական թափոններում պարունակվող  ծանր մետաղներով աղտոտված Դեբեդի ջրով ոռոգվող  Նոյեմբերյան  համայնքի  Արճիսի, Այրումի, Լճկաձորի, Հաղթանակի, Պտղավանի, Դեղձավանի, Բագրատաշենի, Դեբեդավանի  հողատարածքների ու այգիների կրած վնասների համար Նոյեմբերյան համայնքը այդ ձեռնարկությունների վճարած բնապահպանական վճարներից  փոխհատուցում, դրամական հատկացում ստանա։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Վարչապետի՝ 2023 թվականի հունվարի 26-ի  «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու  մասին» N86-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի հանձնարարականի  համաձայն՝  «Ընկերությունների  կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման»  ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների գործունեության հետեւանքով վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի մեջ ընդգրկված է  Նոյեմբերյան համայնքը (2024 թվականի համար)»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս